ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ծառայողական քննությունն ավարտվեց
Ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից նոյեմբերի 27-ին կատարված փախուստի առթիվ նշանակված ծառայողական քննությունը: Արդարադատության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ա.Գիզիրյանի հրամաններով, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կիրառվել են կարգապահական տույժեր:
Ծառայությունից ազատվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետը, ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետը, գլխավոր մասնագետը, հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետը, անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետը, երկու կրտսեր մասնագետներ:
Պաշտոնի իջեցում է կիրառվել պետի տեղակալի, հերթապահ խմբի պատասխանատուի, օպերատիվ բաժնի պետի, օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետի նկատմամբ:
Խիստ նկատողություն է հայտարարվել ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի երկու գլխավոր մասնագետի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 27-ին Նուբարաշեն ՔԿՀ-ից փախուստի էին դիմել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքհաբն ու Սողոմոն Քոչարյանը։ Նրանք տեղահան են արել գաղութի զբոսահրապարակի տանիքի ճաղավանդակը' պարանի միջոցով անցնելով ահազանգման համակարգի ու արտաքին քողարկող պատի վրայով:
Մհեր Ենոքյանն ու Սողոմոն Քոչարյանը փախուստի մի փորձ էլ արել էին 2004 թ. դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝«Գորիս» քրեակատարողական հիմնարկից, սակայն մոտ մեկ ամիս անց իրավապահները նրանց հայտնաբերել էին ու տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ: Այն ժամանակ բանտախցում փախուստից հետո ՔԿՀ-ի տեսուչները գործիքներ էին գտել, իսկ Մհերի ու Սողոմոնի տեղը' մանեկեններ:
Ավելի ուշ դատարանում Ենոքյանն ու Քոչարյանը պատմել էին, որ զբոսանքի ժամանակ փոքր երկաթի կտոր էին գտել եւ 10 օր շարունակ աշխատելով խցում' պատը քանդելով փախուստի ճանապարհ բացել: Նրանք հայտարարել էին, որ թեեւ բռնվել են, սակայն փախուստի փորձը հաջողված են համարում, քանի որ երբեք չեն ընդունել իրենց մեղսագրվող արարքը, ուստի, դիմելով փախուստի, ուշադրություն են հրավիրել իրենց գործերի վերանայման վրա:
