Հրանտ Դինք. Հիշատակի օր

Հրանտ Դինքի մահվան երրորդ տարելիցի առիթով Հրանտ Դինք միությունը եւ Խաղաղության տաճար կազմակերպությունը հունվարի 19-ին Մեծ Բրիտանիայի պառլամենտում կազմակերպել են Հրանտ Դինքի օր: Միաժամանակ, ակցիաներ կկազմակերպվեն Լոնդոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Կլինի հանդիպում նաեւ Լորդերի պալատում: Ելույթ կունենան նաեւ հայ եւ թուրք մտավորականներ, որոնք կխոսեն Հրանտի հայացքների մասին, ինչպես նաեւ Ցեղասպանության մասին:

Օրվա կապակցությամբ հիշատակի խոսք է տարածել նաև Ռազմավարական և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը։

Միշտ դժվար է խոսել արդեն մահացած մարդկանց մասին, եւ առավել ցավալի է հիշատակել քաջ եւ անմեղ մարդու կորուստը: Հաճախ մենք հիրավի գնահատում ենք  կյանքի հիմնական արժեքները, երբ արդեն շատ ուշ է լինում:

Կարոտում ենք մեր սիրելի մարդկանց' թե ընկերներին, թե ընտանիքի անդամներին, միայն այն ժամանակ, երբ նրանք արդեն ֆիզիկապես մեզ հետ չեն: Այսինքն' տակավին մեր կողքին եղած ժամանակ  չենք կարեւորում նրանց արժեքն ու  ընկերակցությունը: Սա զուտ մարդկային է, սակայն կորստի ողբերգությունը նույնքան մարդկային է:

Այսօր, երբ նշում ենք այսպիսի սիրված մի մարդու' Հրանտ Դինքի ողբերգական կորստի երրորդ տարելիցը, ինքներս մեզ  հիշեցնենք նրա կյանքի իմաստը մեզ  համար: Ստամբուլում Դինքի դաժան սպանությունը ուղիղ երեք տարի առաջ հատուկ իմաստ տվեց նրա մահին: Սակայն ավելի նշանակալիցն այն է, որ հենց նրա կյանքն այդպես իմաստավորեց իր մահը: Երբեմն պատմության մեջ որոշ մարդիկ իրենց իսկ կյանքը զոհաբերելով' ձեռք են բերում ավելի բարձ իմաստավորում, եւ Հրանտ Դինքն այդպիսի անձնավորություն էր: Նա իր խիզախությամբ ուժեղ ու եռանդագին կերպով պաշտպանեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, ինչպես նաեւ անվարան զորավիգ կանգնեց Թուրքիայում ազգային փոքրամասնությունների եւ, առհասարակ, մարդու իրավունքներին: Նա անմեղ էր, երբ բախվեց թուրքական պետության հալածանքներին ու հետապնդումներին, ինչը նրան դարձրել էր ՙթրքությունը վարկաբեկելու՚ շինծու մեղադրանքի հատուկ թիրախ:

Սակայն  Հրանտ Դինքը շատ ավելին էր, քան  լոկ փոփոխության խորհրդանիշ: Շատերի համար նա ոգեշնչանքի աղբյուր էր, իսկ նրա առաքելությունը' քաջալերանք: Դինքը նաեւ սիրող հայր էր երեք երեխաների' Դելալի, Արարատի եւ Սերայի համար, նվիրված ամուսին յուրահատուկ մի կնոջ' Ռաքելի համար, շատերի լավագույն ընկերը եւ բոլորի ներշնչանքը:

Հրանտ Դինքը  ֆիզիկապես այլեւս մեր կողքին չէ, սակայն նրա առաքելությունը շարունակվում է, իսկ նրա հոգին' հավերժ ապրում