ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մկրտիչ Սափեյանն ազատ արձակվեց
Հունվարի 29-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել 2008 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ձերբակալված և երկու տարվա ազատազրկման դատապարտված Մկրտիչ Սափեյանը։ Նա ամբողջությամբ կրել է սահմանված պատիժը։
Առողջության հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով Մկրտիչ Սափեյանն իր անազատության մեջ գտնվելու ամբողջ շրջանն անցկացրել է դատապարտյալների հիվանդանոցում։
Մկրտիչ Սափեյանին քրեակատարողական հիմնարկի մոտ դիմավորել են նրանց հարազատները, հետընտրական իրադարձությունների կապակցությամբ նախկինում դատապարտված ընկերները, ինչպես նաեւ սովորական քաղաքացիներ:
Մկրտիչ Սափեյանը Երկրապահ կամավորականների միության Արագածոտնի կառույցի ղեկավարն էր, իսկ նրա եղբայրը' Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի ղեկավարը։ Նրանք երկուսն էլ ձերբակալվել էին 2008 թվականի հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ' Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ Սարգիս Կարապետյանի նկատմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով:
Նրանց շահերը պաշտպանող փաստաբանները, սակայն, մշտապես պնդել են, որ Սափեյանների նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է։
