ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը
2010թ.-ի փետրվարի 5-ին ՀՀ Սահմանադրական դատարանը քննել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը: Հենց նույն օրն էլ Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշում, որի համաձայն հիշյալ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը։
Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ խնդիրը այս ոլորտում օրենսդրական բացի առկայությունն է։ Անհրաժեշտ է, որպեսզի իրավասու մարմինը, այսինքն' ՀՀ Ազգային ժողովը հանդես գա նախաձեռնությամբ' ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում բարեփոխումներ կատարելու եւ վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի օրենսդրական բացը լրացնելու համար:
ՀՀ Սահմանադրակյան դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԻԱԿ-ին նման կարեւոր խնդրին անդրադառնալու համար:
Հիշեցնենք, որ ԻԱԿ-ն ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ ԻԱԿ-ն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյան» ՊՈԱԿ-ի գործերի դեպքում դատարանները մերժել են ԻԱԿ-ի' պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջը' պատճառաբանելով, որ համաձայն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հեդվածների' վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործեր կարող են հարուցվել միայն օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորություն ունեցող մարմինների պաշտոնատար անձանց հայցադիմումների հիման վրա, իսկ ԻԱԿ-ը այդպիսի լիազորություն ունեցող մարմին կամ պաշտոնատար անձ չէ:
Սակայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նշված չէ, թե որ մարմիններն ունեն նման արձանագրություն կազմելու իրավունք: Այսինքն, ստացվում է, որ մարդու' տեղեկություններ ստանալու իրավունքը խախտած պաշտոնյային պատասխանատվության ենթարկելն անհնար է, քանի որ դրա համար անհրաժեշտ արձանագրություն կազմող կառույց կամ պաշտոնատար անձ չկա:
