«Նարկոբիզնե՞ս», թե՞ հեռուստաընկերություն

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն այսօր ներկայացրել է այն չափորոշիչները, համաձայն որոնց Հայաստանում հեռարձակվելու են հաղորդումներն ու ֆիլմերը: Հենց այդ չափորոշիչների հիման վրա էլ մշակվել է մի օրինագիծ, որը վերջին շրջանում դարձել է թեժ քննարկումների նյութ։ Ամալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր կարծիք է հայտնել, որ նոր չափորոշիչներն ամենևին էլ ծայրահեղական չեն, «մյուս կողմից էլ խիստ վախվորած չեն»։ Չափորոշիչները նա մեկնաբանել է հետևյալ արտահայտությամբ․ «այն, ինչ չէինք ցանկանա, որ մեր երեխաները տեսնեին»։

Հեռուստաընկերություններից ներողություն խնդրելով՝ Ամալյանը ՀԸ-ները համեմատել է նարկոբիզնեսի հետ։ «Գիտեմ, որ շատ վատ է ուրիշի երեխայի համար, բայց դա ինձ փող է բերում, և դրա համար ես այդ այլանդակությունը հեռարձակում եմ»,- ասել է Գ. Ամալյանը։

Գ. Ամալյանը նաև տեղեկացրել է, որ այս չափորոշիչները, որպես գործող նորմատիվ պահանջ, կկիրառվեն մեկ ամսից։ Իսկ երեք գրավոր նախազգուշացումից հետո չափորոշիչները խախտած այս կամ այն լրատվամիջոցը կարող է զրկվել հեռարձակման լիցենզիայից։

Ինչ վերաբերում է սերիալների ցուցադրմանը, Ամալյանը համոզմունք է հայտնել, որ հայկական եթերից դրանք չեն պակասելու։ «Իհարկե, մարդիկ դա կանեն այլ կուլտուրայով, որովհետև հանրությունը ոնց որ թե սերիալներ նայում է»,- նշել է Գ. Ամալյանը։

Իսկ ի՞նչ ֆիլմեր է դիտում ՀՌԱՀ նախագահը։ Ամալյանը պատասխանել է, որ որպես հեռուստադիտող նախընտրում է գեղարվեստական բարձր և ճանաչողական արժեք ներկայացնող, հումանիստական գաղափարներ քարոզող սերիալներ։