ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փաստաբանն ահազանգում է
Փաստաբան Արա Զոհրաբյանը և «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Վահագն Բալաբեկյանը փետրվարի 24-ին դիմում են հղել Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, Հովիկ Աբրահամյանին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, Աղվան Հովսեփյանին, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Հ.Սուքիասյանին, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանապետի տեղակալ Գ.Համբարձումյանին, արդարադատության նախարար Գ. Դանիելյանին, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանին, Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանին, ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի պետին։ Դիմումում ասված է․
«Հարգելի պարոն Նախագահ,
Հարգելի պարոնայք,
Սույն ահազանգ-հաղորդագրությունը տրվում է Ձեզ աննախադեպ և արդարադատության համակարգը բացարձակապես խարխլող ապօրինի գործողության կապակցությամբ:
23.02.2010թ. ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչ ոստիկանության ավագ լեյտենանտ Հ.Կ.Դելեյանը (այսուհետ' Քննիչ) Առգրավում կատարելու մասին որոշմամբ հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55, 226-228 հոդվածներին, որոշել է Արշակունյաց 17 հասցեում գործող «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ գրասենյակից առգրավել Արա Զոհրաբյանի համակարգիչը և տպիչը:
Քննիչը նշված համակարգիչը ցանկանում էր առգրավել փաստաբան Արա Զոհրաբյանի վստահորդի հետ կապված իրավաբանական բնույթի փաստաթուղթ կազմելու փաստը ճշտելու համար: Հարկ է ավելացնել նաև, որ Արա Զոհրաբյանի համաձայնությամբ համակարգչի մեջ համապատասխան ֆայլը զննվել է (ներառյալ դրա կազմման ժամանակագրությունը) և տպվելուց հետո հանձնվել է Քննիչին:
Փաստաբան Արա Զոհրաբյանը Քննիչին է տրամադրել միայն տպիչը և հրաժարվել է համակարգիչը (պրոցեսորը) տրամադրելուց, պատճառաբանելով, որ 07.09.1990թ. Իրավաբանների դերին վերաբերող սկզբունքներ ՄԱԿ միջազգային պայմանագրի 22-րդ կետի, Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի և Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի ուժով համակարգչի մեջ առկա են փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկություններ:
Քննիչն առգրավել է տպիչը, իսկ համակարգչի պրոցեսորը փաստաբան Ա.Զոհրաբյանի կողմից չտրամադրելու պատճառով այս պահի դրությամբ դեռևս առգրավված չէ, սակայն առկա է այն հարկադիր առգրավելու ռեալ սպառնալիքը", ասված է դիմումի մեջ: Դրա հեղինակները հետո շարադրում են այն իրավական հիմքերը, որոնք վկայում են քննիչի գործողությունների անօրինականության մասին:
Հարկ է նկատել, որ փաստաբան Արա Զոհրաբյանի համակարգչում գտնվող Քննիչին հետաքրքրող ֆայլերն արդեն զննվել են, ստուգվել են դրանց կազմման և փոփոխման ամսաթվերը, և տպվել են: Համակարգչի պրոցեսորում առկա են այլ տեղեկություններ, որոնք չեն հանդիսանում նշված քրեական գործի համար էական նշանակություն ունեցող, հետևաբար ենթակա չեն առգրավման:
«Վերոգրյալի հիման վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քննիչի կողմից համակարգչի առգրավում կատարելը չկանխելու դեպքում, ուղղակիորեն կվտանգվի փաստաբանական ինստիտուտի կայացումը, քանի որ հաճախորդները կկորցնեն իրենց վստահությունը փաստաբանների նկատմամբ (իրենց կողմից գաղտնի տրված տեղեկությունները հետագայում այլ գործերով բացահայտվելու մտավախությամբ), ինչպես նաև նախաքննության մարմինը կարող է թույլ տալ այդ իրավունքի չարաշահում նպատակ ունենալով ճնշել փաստաբանին,
խնդրում եմ'
Ձեր աջակցությունը, նախաքննության մարմնի կողմից փաստաբանի գործունեությանը միջամտելու փորձերը կանխելու կապակցությամբ:
ՀՀ գլխավոր դատախազին և Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազին ուղղված դատավարական խնդրանքը'
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 13-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի ուժով, խնդրում եմ վերացնել ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչ ոստիկանության ավագ լեյտենանտ Հ.Կ.Դելեյանի 23.02.2010թ. Առգրավում կատարելու մասին որոշումը' համակարգիչն առգրավելու մասով", ասված է Արա Զոհրաբյանի եւ Վահագն Բալաբեկյանի դիմումի մեջ»:
