Մրցանակ Մարիամ Սուխուդյանին

Մարտի 10-ին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «Խիզախ կնոջ» մրցանակով կպարգևատրի քաղաքացիական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա դեսպանատան շենքում։ Մարիամ Սուխուդյանը Հայաստանի բնապահպանական շարժման ակտիվիստ է, մասնավորապես մասնակցել է Թեղուտի անտառների պաշտպանության շարժմանը:

Մարիամն առավել հայտնի դարձավ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում տիրող սարսափելի վիճակը հանրությանը ներկայացնելով։ Հայաստանի իրավապահ մարմինները Մարիամի նկատմամբ մեղադրանք առաջադրեցին նախ «զրպարտության», ապա «սուտ մատնության» հոդվածով, երբ նա բարձրաձայնել էր դպրոցի ուսուցիչներից մեկի' երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների մասին։

Այժմ էլ Մարիամի նկատմամբ քրեական գործը դեռևս ընթացքի մեջ է։
 
Մարիամ Սուխուդյանն այս դպրոցում մասնակացել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող կամավորական ծրագրերից մեկով և խմբի այլ անդամների հետ ահազանգել դպրոցում տիրող վիճակի մասին՝ վատ սնունդ, թերի ուսուցում, հակասանիտարական վիճակ, նաև՝ սաների նկատմամբ ոտնձգություններ ուսուցիչների կողմից: