Դատարանը հիմնավորված է ճանաչել փաստաբանի բողոքը

2010թ. մարտի 10-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննելով "Սրետենկա-Կոնսուլ" ՍՊԸ փաստաբանական գրասենյակի և փաստաբան Արա Զոհրաբյանի համատեղ բողոքը'   համակարգչի պրոցեսորն առգրավելու մասին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնի քննիչ Հ.Դելեյանի որոշան դեմ, որոշել է բողոքը ճանաչել հիմնավորված և վերացնել քննիչի որոշումը' համակարգչի պրոցեսորն առգրավելու մասով:

Դատարանի որոշման պատճառաբանական մասում մասնավորապես նշվել է հետևյալը'

«միաժամանակ դատարանը հիմնավորված է համարում բողոքող կողմի այն պատճառաբանությունը, որ պրոցեսորում պահպանվող, թիվ 12105210 քրեական գործին չառնչվող, այլ գործերով այլ վստահորդներին վերաբերող, փաստաբանական գործունեության ընթացքում ձեռք բերված կամ կազմված տեղեկատվությունը փաստաբանական գաղտնիք է, որի պահպանությունը երաշխավորված է միջազգային և ազգային օրենսդրության այն իրավանորմերով, որոնք թվարկված են բողոքում".

"նշված սահմանադրական երաշխիքների առումով դատարանը հիմնավորված է համարում բողոք բերողների այն պնդումը, որ համակարգչի պրոցեսորի առգրավմամբ հնարավորություն կարող է ստեղծվել բազմաթիվ վստահորդներին վերաբերող, փաստաբանական գործունեության իրականացմամբ ձեռք բերված և պահպանվող և օրենքով դրանց պաշտպանությունը երաշխավորված տեղեկատվության գաղտնիության իրավունքի խախտումը":

Դատական այս ակտով, փաստորեն կանխվեց Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գաղտնիքի խախտման այս նախադեպը չունեցող դրսևորումը:

Ակնհայտ է, որ քննիչի կողմից չգիտակցված Հայաստանի միջազգային հեղինակության վրա ստվեր գցող այս արարքի ողջ պատասխանատվությունը գիտակցեց դատական համակարգը և այս դեպքում իրեն պահեց, որպես օբյեկտիվ "արբիտր":

Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել դատական համակարգից' գործը վարող դատավոր պարոն Վ.Գրիգորյանին և բարձրաստիճան մյուս դատավորներից' ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ պարոն Արման Մկրտումյանին, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ պարոն Դավիթ Ավետիսյանին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ պարոն Արթուր Օհանյանին, ովքեր դատական համակարգի կայացման հարցում ունեն իրենց խոշոր ներդրումը:

Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ պարոն Ռուբեն Սահակյանին, ով փաստաբանության կայացման հարցում ունի իր մեծ ներդրումը և մշտապես աջակցում է այն փաստաբաններին, ովքեր իրենց մասնագիտական գործունեության պատճառով երբեմն դառնում են պետական որոշ մարմինների թիրախը:

Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել մեր լրագրողներին, ովքեր օբյեկտիվորեն այս հարցը բարձրաձայնել են նպաստելով դրա վերաբերյալ հանրային կարծիքի ձևավորմանը:

"Սրետենկա-Կոնսուլ" ՍՊԸ

փաստաբանական գրասենյակի նախագահ'

փաստաբան Արա Զոհրաբյան