Կհրապարակվի Զարուհի Փոստանջյանի բողոքի վերաբերյալ որոշումը

Մարտի 26-ին, ժամը 17.00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանը հրապարակելու է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ «Ազատամտություն» օրաթերթում պատգամավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել էր ՀՀ ոստիկանության քննիչի և գործը վերահսկած դատախազի որոշմամբ:

Այս կապակցությամբ ԱԺ «ժառանգություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է․ «Դատավոր Գայանե Կարախանյանի հրապարակելիք որոշումից պարզ կդառնա, թե մեր երկրում կհիմնավորվի՞, արդյոք, «մասնագիտական գործունեությունից դժգոհ լինելու, վիրավորելու նպատակ չունենալու պատրվակի իրավաթույլտվությամբ» ԶԼՄ-ներով ցանկացած անձին լկտի արտահայտությունների և մերկանդամ նկարների միջոցով վիրավորելու' զանգվածային տարածում «խոստացող նորույթը», թե՞, այնուամենայնիվ, բարոյականության գրված և չգրված տարրական օրենքները կպահպանվեն, իսկ «նորույթը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Զարուհի Փոստանջյանի դեմ կիրառածներն, ի վերջո, պատասխանատվության կենթարկվեն»։