FIDH նախագահը ընդդիմության հանրահավաքում

Երեկ Մարդու իրավունքների միջազգային համաժողովի անդամները՝ FIDH-ի նախագահ Սուեր Բելասենի գլխավորությամբ, միացան Մատենադարանի մոտ ընթացող հանրահավաքին: Մատենադարանի հարթակում իսկական իրարանցում սկսվեց։

Մեծ ոգևորություն առաջացավ, երբ հարթակ բարձրացավ ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը։

«Մենք պահանջում ենք ազատել քաղբանտարկյալներին»,- հայտարարեց ճանաչված իրավապաշտպանը ու հայերենով վանկարկեց՝ «Ա-զա-տու-թյուն»։ Նա նշեց, որ իրենք մշտապես պայքարող մարդկանց կողքին են և նրանց հետ միասին պայքարում են հանուն արդարության։

«Մարդու իրավունքների միջազգային դաշնությունն իր ողջ կազմով ձեզ հետ է։ Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է որևէ երկրի լիգա, և նրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին ձեզ հետ է»,- հայտարարեց Բելասենը։

Նիգերիայի քաղաքացիական ազատության կազմակերպության ղեկավար իրավապաշտպան Եզիկե Իբուկհուկու Օհաբուեյնայուն, մոտեցավ Մատենադարանի հարթակին հենց այն պահին, երբ ելույթ էր ունենում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը և ելույթի թույլտվություն խնդրեց:

Նիգերիայի ազգային տարազով ու բանտարկյալի գլխարկով իրավապաշտպանը Մատենդարանի հարթակից ողջունեց հանրահավաքի մասնակիցներին, դատապարտեց ազատության սահմանափակումները, պահանջեց ազատ արձակել քաղբանտարկյալներին․ «Ես ինքս քաղբանտարկյալ եմ եղել ու պայքարել իմ երկրում հանուն մարդկանց ու իմ ազատության»։

Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ձեռք են բերել հավատարիմ բարեկամներ, որոնք աշխարհով մեկ տարածելու են Հայաստանի քաղաքացիների ձայնը և ճեղքելու են տեղեկատվական բլոկադան:

Հանրահավաքի մասնակիցները ծափերով ճանապարհեցին Սուեր Բելասենի գլխավորությամբ ժամանած օտարերկրացի իրավապաշտպանների խմբին։