Բողոքի ակցիա համաժողովի մասնակիցների հետ

Արամ Խաչատրյանի արձանի մոտ ժամը 13-ից մեկնարկել և ներկայումս էլ շարունակվում է «Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի» կազմակերպած բողոքի ակցիան, որի մասնակիցները հանդես էին գալիս «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչով։ Ակտիվիստները կրում են բանտարկյալների համազգեստ ու ձեռնաշղթաներ և պարզել են քաղբանտարկյալների լուսանկարներ։

Մինչ այդ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում մեկնարկել էր Մարդու իրավունքի միջազգային ֆեդերացիայի՝ FIDH-ի 37-րդ կոնգրեսը, որի շրջանակներում Երևանում են գտնվում աշխարհի 140 երկրներից ժամանած ավելի քան 300 պատվիրակներ։

FIDH նախագահ Սուեր Բելասենը մինչև շենք մտնելը մի քանի րոպե կանգ առավ ցուցարարների մոտ, համբուրեց նրանցից մի քանիսին և բռունցքը վեր պարզած կանգնեց նրանց կողքին։

Համաժողովի մասնակիցները պարերաբար դուրս են գալիս, մոտենում շենքի առջև հավաքված բողոքի ցույցի մասնակիցներին, զրուցում նրանց հետ: Նրանցից մի քանիսը բջջայիններով, խցիկներով նկարահանում էին ակցիան։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը արտասահմանցի հյուրերին բարձրախոսով ներկայացրեց հայաստանյան իրականությունը, այն, որ 2008 թ-ի մարտյան դեպքերից հետո ձերբակալված 14 քաղբանտարկյալ դեռ անազատության մեջ են, որ իրենք պահանջում են նրանց շուտափույթ ազատ արձակումը։

Նիգերիայից ժամանած իրավապաշտպան Եզիկե Իբուկհուկու Օհաբուեյնայուն՝ CLO կազմակերպությունից, ոգևորեց ակցիայի մասնակիցներին․ իրավապաշտպանը նրանց հետ «Ազատություն» ու "Freedom" գոչեց՝ ձեռնաշղթան անցկացնելով իր ձեռքին․ «Մենք այստեղ ենք, որ առաջին հերթին Ձեզ լսենք, նրանց, ովքեր անարդարության մեջ են։ Մենք ձեր կողքին ենք»,-պայքարողներին ասաց Օհաբուեյնայուն:

Լիբանանցի իրավապաշտպան Նեհմե Ջոմման «Ալտհոմ» կազմակերպությունից լուսանկարվեց քաղաքացիների հետ ու նշեց․ «Ուրախ եմ, որ մարդիկ իրենց երկրում պայքարում են ազատության ու արդարության համար»։

«Տիկին Բելասենը մինչ համաժողովի սկսվելը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել Երևանում, բացի այդ, աշխարհի տարբեր երկրներից իրավապաշտպաններ են եկել մեր երկիր։ Ապասելիքներս ու ակնկալիքներս, իհարկե, այդքան մեծ չեն, բայց այն փաստը, որ համաժողովի մասնակիցները անընդհատ դուրս են գալիս դահլիճից ու ոգևորում քաղաքացուն, պիկետի մասնակցին, խոսուն փաստ է», ասում է ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը։