«Գալա» հեռուստաընկերության հայտարարությունը

«ԳԱԼԱ» Հեռուստաընկերությունը  կրկին հայտնվել է ՊԵԿ-ի եւ Գյումրու տարածքային հարկային տեսչության ուշադրության կենտրոնում: Այսօր, ապրիլի 8-ին ժամը 13:00 -ին հարկայինի աշխատակիցները  հայտնվել են հեռուստաընկերությունում՝ կատարելու ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ  Գ. Խաչատրյանի  հանձնարարականը:

Ըստ  ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի   ԱՀ 0007519 հանձնարարագրի, «ՉԱՊ» ՍՊԸ-ին պատկանող գույքի,  բանկերում գտնվող հաշվարկային հաշիվների վրա ընդհանուր՝ 822.2 հազ. դրամ չկատարված պարտավորությունների չափով արգելանք է դրվել, որով արգելվում է օգտագործել, տնօրինել  արգելադրված գույքը:
 
Այս պատմությունն ունի ավելի քան 2 տարվա վաղեմություն, երբ  2007թ.-ի նոյեմբերի 12-ին ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀ առաջին բաժինը կազմեց  «ՉԱՊ» ՍՊԸ ստուգման եզրափակիչ ակտը, որով «ԳԱԼԱ» Հ/Ը հիմնադիր ՍՊԸ-ին վերագրվեց 25.665.100 դրամի հարկային պարտքեր՝ ներառյալ տույժուտուգանքը: «ԳԱԼԱ» Հ/Ը կազմակերպած համաժողովրդական դրամահավաք-մարաթոնի ընթացքում հավաքագրված միջոցներով «ՉԱՊ» ՍՊԸ-ն բավարարեց հարկային օպեր-լիազորների ախորժակը:

Բացի այդ, ավելի քան 2 մլն. դրամ էլ ընկերությունը վճարեց հարկադիր կատարողներին եւ դատական ծախսերի համար: Սակայն պարզվեց, որ հարկայինի ձեռնարկած գործընթացը ունի իր շարունակությունը: Հաջորդ տարի, արդեն 2008թ.-ին՝ հիմք ընդունելով օպեր-լիազորների  կազմած ակտը, «ՉԱՊ» ՍՊԸ-ից որպես շահույթի կանխավճար ՀՊԾ-ն պահանջեց ամսեկան 300 հազ.դրամ / 3.600.000 դրամ՝ տարվա կտրվածքով/:

Ընկերության սեփականատերը հրաժարվել է վճարել այդ գումարը՝ որոշումը համարելով անհիմն, քանի որ «ԳԱԼԱ» Հ/Ը   2008թ.-ին աշխատել է վնասով եւ բնականաբար շահույթի մասին խոսք լինել չէր կարող: Հիշեցնենք, որ դա այն ժամանակաշրջանն էր, երբ «ԳԱԼԱ» Հ/Ը -ը  ավելի քան 8 ամիս աշխատեց առանց գովազդի: Այնուամենայնիվ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը «ԳԱԼԱ» Հ/Ը -ը պարտադրում է վճարել նախատեսված կանխավճարի տույժուտուգանքը: Փաստորեն ստացվում է, որ շահույթ չունենալու դեպքում անգամ պարտավոր ես պետությանը տուգանք վճարել:  

«ԳԱԼԱ» Հ/Ը  հիմնադիրը պահանջվող գումարը չի վճարելու, որովհետեւ ի սկզբանե ընկերությանը վերագրված 25.665.100 դրամի հարկային պարտքը անհիմն էր, հետեւաբար հիմքից զուրկ է նաեւ հեռուստաընկերությունից՝ որպես մեծ շահույթ ունեցող կազմակերպություն, ամսեկան 300 հազ.դրամ կանխավճար պահանջելը:
 
Փաստորեն, ՀՀ ԿԱ ՀՊԾ արխիվից պեղելով այդ գործը, ծառայության իրավահաջորդները նպատակահարմար են գտել թարմացնել իրենց եւ իրենց նախորդների «բարի» հիշողությունները: