ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կարևոր վկաները հեռացել են Հայաստանից
Գողության կասկածանքով ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված ու դանակի հարվածներից մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի հետ ոստիկանություն էին բերվել հինգ երիտասարդներ: Նրանցից միայն երկուսն են ազատ արձակվել:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի փոխանցմամբ, նրանք լքել են Հայաստանը:
Իրավապաշտպանը վերահաստատել էիր այն խոսքը, թե մի քանի օր առաջ երիտասարդներին կանչել են ոստիկանություն, վերադարձրել են անձնագրերը և «առաջարկել» հեռանալ ՀՀ-ից.
«Եթե Ոստիկանությունը չէր ուզում , որ այդ մարդիկ հեռանային Հայաստանից, թող պայմաններ ստեղծեր, որպեսզի նրանք մնային Հայաստանում, բացատրություններ տային' այսպիսով ապահովելով բազմակողմանի և անաչառ քննություն»,-մեզ հետ զրույցում նշեց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ դեպքի հաջորդ օրը իրավապաշտպան Արթուր Սաքունցը այցելել էր ազատ արձակված երիտասարդների' Նորայր Չիլյանի ու Արայիկ Առաքելյանի հետ: Նրանցից առաջինին իրավապաշտպանը հայտնաբերել էր ծեծված, անկողնային վիճակում:
«Վահանի ընկերների հետ գնացինք բերման ենթարկված տղաներից մեկի տուն։ Սկզբում ասացին, որ նա տանը չէ, հետո լսեցին նրա ընկերներից մեկի ձայնն ու ասացին՝ ներս եկեք։ Բոլորը վախեցած էին։ Նորայրը տանն էր՝ անկողնում պառկած, հազիվ էր շարժվում ու խոսում, սթրեսային վիճակ էր, կարծես վերացած լիներ իրականությունից։ Դժվարությամբ ասաց, որ 7 անց կես տարան։ Ինքը նույնիսկ չէր էլ հիշում, թե երբ է տուն եկել։ Ծնողները նշեցին, որ գիշերը երկուս անց կես ոստիկանությունից զանգել են իրենց ու ասել՝ եկեք ձեր տղային տարեք»,- պատմել էր Սաքունցը՝ նշելով, որ երիտասարդը խոսելիս մեկ-մեկ դադար էր տալիս, հետո շարունակում, լռում էր, հետո հանկարծ իրեն-իրեն պատմում։
«Երիտասարդը հազիվ հասկացրեց, որ ինքն ուրիշ սենյակում է եղել, բայց կողքի սենյակներից մնացածների ծեծի ձայները լսել է», իսկ երբ իրավապաշտպանը հեռանալիս է եղել հետևից Նորայրը ձայն է տվել. «Վահանին առանց ինձ չթաղեք»։
Օրերս Սաքունցը կալանավայրում հանդիպել է Վահան Խալաֆյանի հետ բերման ենթարկված, հետո կալանավորված Արթուր Իսպիրյանի, Շիրազ Մարկոսյանի եւ Դավիթ Գյուլումյանի հետ: Վերջինս նույնպես հաստատել է, որ ոստիկանության բաժնում իրենից բռնությամբ խոստովանական ցուցմունք են կորզել, և եթե չգրեր այն, ինչ պահանջել են, ապա ինքը ևս ոստիկանության բաժնից կարող էր ողջ դուրս չգալ:
