ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական դատարանն արձագանքում է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բողոքարկող կողմից լրացուցիչ փաստաթղթեր է խնդրել Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի գործերի վերաբերյալ: Դրանք ունենալուն պես ԵԴ-ն փաստաբանի վկայակոչած խախտումների հետ կապված հարցադրումներ է ներկայացնելու Հայաստանի կառավարությանը:
Հիշեցնենք, որ արդեն նախկին պատգամավորները ձերբակալվել էին 2008 թ-ի մարտի սկզբին' պետական իշխանությունը յուրացնելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով: Նրանք շուրջ 9 ամիս անազատության մեջ էին'մինչ «7-ի գործով» դատաքննության սկիզբը:
Առաջին ատյանի դատարանի որոշումներով, Մալխասյանի և Հակոբյանի կալանքի ժամկետը 4 անգամ երկուական ամիսներով երկարացվել է, ինչն էլ դատական վերադաս ատյաններում բողոքարկել է փաստաբան Մելանյա Առուստամյանը : Ապա մերժում ստանալով' բողոք է ներկայացրել Եվրադատարան:
Փաստաբանի պնդմամբ, խախտվել է նախկին պատգամավորների' ազատության իրավունքը. նախաքննական մարմինն ու դատարանը, ըստ նրա, չեն հիմնավորել կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություններն ու վճիռները:
Նախկին պատգամավորների պաշտպանը բողոքարկել է նաև այն իրողությունը, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալները հստակ չեն տեղեկացվել, թե ինչ մեղադրանքներ են իրենց ներկայացվել: Ըստ փաստաբանի' խախտվել է նաև խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը' նկատի ունենալով այն, որ երկուսն էլ այդ ժամանակ հիվանդեն եղել և չեն անցել ստացիոնար բուժում:
Նշենք, որ հետընտրական իրադարձությունների հետևանքով գրեթե բոլոր ձերբակալվածների գործերով գանգատներն արդեն ուղարկվել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, ընդամենը երեք գանգատ է մնացել:
