Կարուսել է պոկվել

Մայիսի 9-ի երեկոյան Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում պոկվել է «Թայֆուն» կարուսելը։ Դեպքի հետևանքով տուժել է 4 մարդ։ Նրանցից երկուսը երեկ տեղափոխվել են թիվ 3 մանկական հիվանդանոց, ստացել են առաջին բուժօգնություն եւ դուրս գրվել, իսկ երկուսը՝ Մարինե եւ Մենուա Վարդանյանները, այս պահին գտնվում են «Միքայելյան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից տեղեկացանք, որ կոտրվել է 12-ամյա Սիրարփիի աջ ձեռքը, իսկ ընկերուհու` Սուսաննայի գլուխն է ցավել: Տոմոգրաֆիան որևէ շեղում, սակայն, չի արձանագրել: Աղջիկներն ասում են, որ թեպետ վախեցել են, այնուամենայնիվ էլի կուզեն գնալ զբոսայգի, բայց կոնկրետ այդ կարուսելը չեն նստի: Մայիսի 11-ին աղջիկները գնացել են դպրոց:

13-ամյա Մենուան պատմում է, որ ամեն ինչ հիշում է, գիտակցությունը չի կորցրել անգամ հարվածից հետո: Քույրը' 35-ամյա Մարինե Վարդանյանը գիտակցության է եկել շտապօգնության մեքենայում:

«Ամենավերեւի հատվածում էր արդեն այդ նստելատեղը՝ պոկվեց, ընկավ ներքեւ։ Ես ուշագնաց եմ եղել այդ ժամանակ, էլ ոչ մի բան չեմ հիշում։ Ես չգիտեմ ո՞վ է մեղավոր, ես հիմա ո՞ւմ մեղադրեմ», - ասաց Մարինե Վարդանյանը։

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արամ Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Տվյալ զվարճահարմարանքը չի գրանցվել արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցամատյանում, չի անցել նախագծային փաստաթղթերի փորձաքննություն եւ մեկ ամսից ավելի է, ինչ շահագործվել է օրենքի կոպիտ խախտմամբ։ Անվտանգ շահագործման համար պատասխանատվություն կրում է ինքը՝ շահագործողը»։

Տվյալ դեպքում շահագործողը' «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի տնօրեն Թորոս Ումրիկյանը պնդում է, թե իրենք ամեն ինչ անում են վթարներից խուսափելու համար:

«Միշտ էլ պատասխանատվություն մենք կրել ենք, եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի սարքին լինի։ Սա տրանսպորտային միջոց է։ 

Դեպքի վայր այցելած Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հրահանգեց ժամանակավորապես դադարեցնել «Հաղթանակ» զբոսայգու բոլոր կարուսելների գործունեությունը' մինչեւ միջադեպի հանգամանքների պարզումը:

Ոստիկանության լրատվության բաժնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացվում։