Մերժեցին ցմահ դատապարտյալին

Օգոստոսի 31-ին Վերաքննիչ քրեական դատարանում լսվեց ու մերժվեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի և նրա փաստաբան Ռոբերտ Ռևազյանի բողոքը, որով վերջիններս վիճարկում էին  Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի հունիսի 7-ի վճիռը:
 
Հիշեցնենք, որ  արդեն 14 տարի անազատության մեջ գտնվող 34-ամյա Մհեր Ենոքյանը խցակից ընկերոջ' Սողոմոն Քոչարյանի հետ 2009 թ-ի նոյեմբերի 28-ին փախուստի էր դիմել Նուբարաշեն ՔԿՀ-ից: 21 օր անց նրանք հայտնաբերվել ու ձերբակալվել էին: Փախուստի առթիվ ցմահ դատապարտյալներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր.օրենսգրքի 355 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է'փախուստ կալանավայրից: Նախատեսված է ազատազրկում 3 ամսից մինչև 8 տարի ժամկետով: Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը ցմահ դատապարտյալներ Մհեր Ենոքյանին ու Սողոմոն Քոչարյանին դատապարտեց յոթ և կես տարվա ազատազրկման՚ վերջնական պատիժ թողնելով ցմահ ազատազրկումը:
 
Փաստաբան Ռևազյանն ու դատապարտյալ Մհեր Ենոքյանը Վերաքննիչ քրեական դատարանում ներկայացրեցին  բողոքի հիմքերը, մասնավորապես այն, որ երկու անգամ փախուստ կատարելով /առաջին փախուստը ցմահ դատապարտված նույն զույգին հաջողվել էր կատարել 2004 թ-ին Գորիս ՔԿՀ-ից, մոտ 1 ամիս անց նրանք դարձյալ հայտնաբերվել էին ու դատապարտվել 7 տարվա ազատազրկման/, դատապարտյալի կողմից չէր կատարվել և ոչ մի հանցավոր արարք, "սա խոսում է իմ պաշտպանյալի ոչ հանցավոր էության մասին",-իր խոսքում ընդգծեց փաստաբան Ռևազյանը, խնդրելով դատարանից կիրառել նվազագույն պատիժ:
 
Մհեր Ենոքյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իր կողմից կատարվող փախուստները յուրօրինակ ակցիաներ են, որպեսզի իրավապահ մարմինների ուշադրությունը բևեռվի իր քրեական "մայր" գործին ու դրա վերանայմանը՝ համարելով, որ ժամանակին կայացվել է անարդարացի վճիռ /Մհեր Ենոքյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել/, "14 տարիների ընթացքում դիմել եմ բոլոր երեք նախագահներին, ՀՀ Գլխավոր դատախազություն, Արդարադատության նախարարություն, սակայն անարդյունք: Փաստորեն Հայաստանի Հանրապետությունում չի տրվում որևէ հնարավորություն նման գործերի վերանայման համար",- իր խոսքում նշեց  դատապարտյալը:
 
Իսկ  "մայր" գործով վճիռը կայացվել է 1996 թ-ին ՀՀ Գերագույն դատարանի կողմից, ըստ որի Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի՝ մեղադրվելով համակուրսեցուն՝ Երևանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետի ուսանող Իոսիֆ Աղաջանովին սպանելու մեջ: 2003 թ-ից նախագահի հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
 
Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը դատարանին ներկայացրեց մի փաստաթուղթ, որտեղ նշված էր, որ 2006 թ-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում կատարվել է գործի վերանայում, ըստ որի նոր քրեական օրենսգրքի հետ  համապատասխանեցվել են որոշակի հոդվածներ: Այսպիսով՚ դատապարտյալ Մհեր Ենոքյանին վերագրվել է երկու և ավելի անձանց սպանություն կատարելու մեղադրանք, նաև ավազակային հարձակում. "նման արարքներում ես ընդհանրապես չեմ մեղադրվել, և ընդհանրապես նոր եմ տեղեկանում, որ ինչ-որ տեղ երբևէ վերանայվել են քրեական գործեր",- ասաց դատապարտյալը: Դատարանը նշեց, որ բարձրացված հարցը խնդրո առարկայի հետ առնչություն չունի, այդուհանդերձ որոշեց ի գիտություն ընդունել:
 
Վերաքննիչ քրեական դատարանում  մեղադրող Հարությունյանն իր խոսքում նշեց, որ առաջին ատյանի կայացրած վճիռը ճիշտ է, իսկ Մհեր Ենոքյանի ու փաստաբան Ռևազյանի բողոքը' անհիմն, "քանի որ ՀՀ-ում վճիռները ոչ թե սուբյեկտիվ մեկնաբանման, այլ պարտադիր կատարման են ենթակա: Գործերի վերանայում հնարավոր է միայն նոր ի հայտ եկած հանգամանքների առկայության դեպքում",-ընդգծեց պետական մեղադրողը: Ուստի դատախազ Հարությունյանը դատարանից պահանջեց մերժել բողոքը' օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը:
 
Վերաքննիչ քրեական դատարանը' նախագահող դատավոր Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ, լսելով բոլոր կողմերին, անցավ խորհրդակցական սենյակ: Քիչ անց հրապարակվեց վճիռը, այն է' օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի կողմից կայացված վճիռը' մերժելով ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի և նրա փաստաբան Ռոբերտ Ռևազյանի բողոքը:
 
Զարուհի Մեջլումյան
 
Հ.Գ. Երբ Մհեր Ենոքյանն ու Սողոմոն Քոչարյանը դեռ փախուստի մեջ էին, 2009 թ. դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում  իրավապաշտպան կազմակերպությունների ջանքերով  35 տարվա անազատությունից հետո արդարացման վճիռ կայացվեց 54-ամյա Ջեյմս Բեյնի նկատմամբ, ով մեղադրվում էր 9-ամյա տղայի բռնաբարության մեջ: Բեյնի դեպքը, ճիշտ է, ռեկորդային է, բայց ոչ միակը զարգացած ու քաղաքակիրթ ԱՄՆ-ում:

Lragir.am