ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոչինչ չեն հիշում, ոչինչ չեն տեսել
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Հրազդան քաղաք) Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած 24 ամյա Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը, որի ընթացքում ցուցմունք տվեցին լրացուցիչ դատակոչված վկաները: Մասնավորապես, ինչպես պարզվեց, ոստիկանության Չարենցավանի բաժնի քննչական բաժանմունքի պետ Արման Զարգարյանը եւ ձերբակալվածների պահման վայրի ղեկավար Հովիկ Կարապետյանը չէին հիշում, թե ով է իրենց Խալաֆյանի մահվանից անմիջապես հետո ասել, որ նա ինքն է իրեն վնասել: Առանձնապես արտառոց էր Չարենցավանի շտապօգնության բուժքույր Մարինա Աթալյանցի ցուցմունքը, որը Վահան Խալաֆյանին ոստիկանության բաժնից տեղափոխել է հիվանդանոց: Պարզվում է, վերը նշված բուժքույրը երկու տեղից դանակահարված Վահան Խալաֆյանի մարմնի վրա ոչ մարմնական վնասվածքներ, եւ ոչ էլ արյուն չի նկատել: Բուժքույրը նկատել է միայն, որ երիտասարդը անգիտակից վիճակում պառկած է եղել գետնին: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:
