ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հայտնել է իր վրդովմունքը

 

Հոկտեմբերի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրեցին Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները եւ ԼՂ հարակից տարածքներ իրականացվելիք դաշտային գնահատման առաքելության ծրագիրը: Նախարար Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իր վրդովմունքը հայտնեց նախօրեին ադրբեջանական բանտում առեւանգված հայ հովվի սպանության կապակցությամբ' ընդգծելով, որ շուրջ 25 օր անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել հանդիպելու նրան: 

Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ահաբեկչական խմբավորումներին բնորոշ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի նպաստում բանակցային գործընթացին:

Զրուցակիցները քննարկեցին առաջիկա անելիքները, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա: 

http://www.armeniaforeignministry.com