Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների արդյունքները. «մենք խնդիր ունենք օրենսդրական դաշտի հետ»

2010 թվականի հոկտեմբերի 11-ին Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Էկոլոգանոոսֆերային հետազոտություններ կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանն ներկայացրեց Ալավերդու մկնդեղի գերեզմանոցում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կողմից իրականացրած հետազոտութունների արդյունքները։

«Բավական լայն հետազոտություն կատարեցինք։ Երեք խնդիր էինք լուծում՝ 1-ին՝ արդյո՞ք գերեզմանոցից մկնդեղը ջրային համակարգ անցնում է, թե՞ ոչ, 2-րդ՝ եթե անցնում է, ապա ի՞նչ պարագաներում, 3-րդ՝ այդ տեղանքն այսօր ի՞նչ վիճակում է»,- ասում է, ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը։

Նրա խոսքերով՝ ջրի անալիզները ցույց են տվել, որ մկնդեղի պարունակություն կա, բայց դրանց խտությունը չի գերազանցում թույլատրելի սահմանային խտությունը։

«Ահռելի խտություններ ենք գրանցել հողերում եւ հատակային նստվածքներում»,- ասում է Արմեն Սաղաթելյանը,- սրանք այն երկու միջավայրներն են, որոնք հետզհետե շարժվում են ցած եւ ի վերջո գալիս են Դեբեդ եւ ոռոգման տարածքներ»։

ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի  տնօրենը լուծումը տեսնում է գերեզմանոցի կարգավորման մեջ։

«Պետք է մակերեսը բերվի ինչ-որ մի հարթության եւ ծածկվի ջրամեկուսիչ շերտով, ասենք, կավով»,- ասում է նա։

Արմեն Սաղաթելյանի խոսքերով՝ «այդքանն այսօր բավական կլինի, որպեսզի չմտածենք լուրջ վտանգների մասին»։

Նման դեպքերը կանխելու համար, ըստ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի, այս հարցը նախ եւ առաջ պետք է օրենսդրորեն կարգավորել։

«Մենք խնդիր ունենք օրենսդրական դաշտի հետ։ Մեզ մոտ այսօր ինչ-որ ընկերություն կարող է գալ, հարուստ հանքային մարմինը վերցնել լիցենզիայով շահագործման՝ պատասխանատվություն չկրելով այդ ամբողջ հանքավայրի տարածքի համար»,- ասում է նա։

Արմեն Սաղաթելյանը կարծում է նաեւ, որ «առավել պահանջատիրական եւ կոշտ պետք է պահեն իրենց տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք պատասխանատու են տեղական ազգաբնակչության առջեւ»։

Աննա Բարսեղյան

Աղբյուր՝ www.hra.am