Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերականգնել է ՀՀ քաղաքացիների սեփականության իրավունքը

2009 թվականի հունիսի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել սեփականությունից զրկված ՀՀ քաղաքացիներից երկուսի հայցով: Դատարանը որոշել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Նելլի Մինասյանի եւ նրա դստեր' Ելենա Դեմիրճյանի սեփականության իրավունքը' ապօրինաբար իրացնելով Նելլի Մինասյանին պատկանող Բուզանդի 9 հասցեում գտնվող բնակարանը;
 
ՀՀ կառավարությունն այս որոշումը չէր բողոքարկել, եւ դատարանը ժամանակ էր տվել քաղաքացիների հետ «հաշտվելու» համար: «Հաշտությունը» կկայանար այն դեպքում, եթե կառավարությունը Նելլի Մինասյանին եւ նրա դստերը համարժեք փոխհատուցում առաջարկեր: 
 
Մինասյանի եւ նրա դստեր շահերը ներկայացնող փաստաբան Լիզա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կառավարությունն առաջարկել է մեկ սենյականոց բնակարան' Երեւանի քաղաքապետարանի մոտ գտնվող շենքերից մեկում, սակայն ԱՄՆ-ում բնակվող Նելլի Մինասյանն ու Ելենա Դեմիրճյանը չեն ընդունել Կառավարության կողմից առաջարկած փոխհատուցումը:
 
«Սա նշանակում է, որ Եվրոպական դատարանն ինքը կորոշի փոխհատուցման չափը եւ պետությանը կպարտադրի վճարել քաղաքացիներին»,- ասում է փաստաբան Լիզա Գրիգորյանը: Նշենք, որ քաղաքացիները որպես փոխհատուցում իրենց հայցում նշել են 200 հազար եվրո գումար: 
 
Նելլի Մինասյանը նախկինում Երեւանի կենտրոնում բնակվող այն տասնյակ քաղաքացիներից մեկն  է, ում տունը 2004-2005 թվականներին ապօրինաբար իրացվել է պետության կողմից, և դատարանի միջոցով նրանց պարտադրվել է պայմանագիր կնքել: Քաղաքացիները հետագայում բողոքարկել են այդ որոշումը ՀՀ դատական վերադաս ատյաններում, սակայն չեն կարողացել վերականգնել իրենց իրավունքները եւ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
 
ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ

http://lragir.am