ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը ձգտում է փոխառել խոշտանգումների կանխարգելման համաշխարհային լավագույն փորձը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ձգտում է փոխառնել խոշտանգումների կանխարգելման համաշխարհային լավագույն փորձը, չորեքշաբթի հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների արդյունավետ ցանցի ստեղծման հարցերին նվիրված միջազգային աշխատաժողովի ժամանակ, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Թե միջազգային և թե ներպետական մակարդակներում մենք ձգտում ենք հաշվի առնել միջազգային լավագույն փորձը։ Այդ տեսակետից խիստ օգտակար կլինի այսօրվա աշխատաժողովը», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը։
Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպված աշխատաժողովին մասնակցում են մոտ երեք տասնյակ երկրների ներկայացուցիչներ։
Կառավարության ղեկավարը նշեց, որ Հայաստանը դեռևս 2006 թվականին է դարձել ՄԱԿ-ի «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրության մասնակից պետություն»,- ասել է վարչապետը։
ՀՀ Ազգային Ժողովում կոնվենցիայի վավերացումից հետո Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ճանաչել է կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ։
ՀՀ վարչապետը բեղմնավոր աշխատանք է մաղթել աշխատաժողովի մասնակիցներին և համոզմունք հայտնել, որ փորձի փոխանակումը կհուշի, թե մեր երկիրն ինչ լրացուցիչ միջոցների գործադրմամբ կարող է բարձրացնել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության արդյունավետությունը:
