Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հաստատեց այն տեղեկությունը, որ ձերբակալվել է Արարատի զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, սպա Վարդան Մարտիրոսյանը: Նա կասկածվում է պայմանագրային զինծառայողներից գումարներ հավաքելու մեջ:

Ինչպես գրում է մամուլը, «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանը ստիպել է զինվորականներին իր համար «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկից մինչեւ 500 հազար դրամի վարկեր վերցնել, սակայն աշխատավարձով ապրող զինվորականները պարտքերը չեն կարողացել մարել, եւ լուրջ խնդիրներ են առաջացել: Այս բացահայտումներից հետո պայմանագրային զինծառայողներից գումարներ հավաքող հրամանատարին ետ են կանչել Մոսկվայից, որտեղ նա վերապատրաստման կուրս էր անցնում, եւ ձերբակալել:

Վարդան Մարտիրոսյանին այսօր, ամենայն հավանականությամբ, մեղադրանք կառաջադրվի, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից:

Արարատի զորամասի սպային ձերբակալել են Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով' պաշտոնատար անձի կողմից իշխանությունը չարաշահելը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական նպատակներով: Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում 2-ից 5 տարի ժամկետով:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության լրատվական բաժինը այս կապակցությամբ որեւէ տեղեկատվություն չի հաղորդում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց բաժնի պետ Մուշեղ Աղեկյանը' իրենք այս դեպքի հետ կապված որեւէ տեղեկատվություն չունեն:

Այն, որ զինված ուժերում ծառայող սպան կարող է ստիպել զինծառայողներին վարկեր վերցնել ու գումարներն իրեն տալ, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, ցույց է տալիս, որ բանակում մի խավ կա, որն իրեն լիովին անպատժելի է զգում եւ կարող է կատարել ցանկացած հանցագործություն:

http://www.azatutyun.am