Հասարակական կազմակերպությունը որոշել է դատարանի միջոցով լուծել համայնքային խնդիրները

Կապան քաղաքում կոյուղու մաքրման կայանը չի գործում, իսկ կոյուղաջրերը տարիներ շարունակ քաղաքի տարբեր թաղամասերում լցվում են մարզկենտրոնի միջով հոսող Ողջի գետը:

Կապանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը նշում է, որ բազմիցս են բնակիչներից բողոքներ ստացել, որ կոյուղաջրերի խողովակների մաշվածության պատճառով քաղաքի որոշ հատվածներում հատկապես ամառը ստեղծվում է հակասանիտարական վիճակ:

Դժգոհություններ են եղել նաեւ ձկնորսության սիրահարներից. ոչ միայն էականորեն պակասել է գետերի ձկների քանակը, այլեւ վտանգավոր է դարձել այդ ջրերից բռնված ձկների օգտագործումը: Իսկ Ողջի գետի ջրերով ոռոգվում է Սյունիք գյուղական համայնքի եւ ազատագրված տարածքների այգիների մի մասը: Այստեղի բերքն էլ բերում Կապանի բնակչությանն են վաճառում:

Մինչդեռ բնապահպանական կազմակերպությունները ահազանգում են, պատասխանատու կազմակերպություններին հորդորում քայլեր ձեռնարկել, պատասխանող կողմը, փաստն ընդունելով, նշում է, որ իրենք համակարգի կառավարումը ստանձնել են անմխիթար վիճակում եւ ներկայումս համապատասխան միջոցների բացակայության պատճառով հնարավորություն չունեն մաքրման կայան կառուցելու. անհրաժեշտ միջոցներ ունենալու պարագայում միայն հնարավոր կլինի հարցը կարգավորել: Ողջի գետի աղտոտվածության մասին տեղեկացվել է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Կապանում ջրամատակարարման եւ ջրահեռացման հանրային ծառայությունը մատուցում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն: Ընկերության ծառայություններից բազմիցս են դժգոհություններ եղել, քննարկումներ կազմակերպվել:

Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանն այս հարցը մի քանի անգամ քննարկման թեմա է դարձրել ոլորտին առնչվող հանդիպումների ժամանակ' առաջարկելով, որ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգը հանձնվի համայնքին: Սակայն առաջարկը մերժվել է:

Առաջ այն համայնքին էր պատկանում, սակայն նախկին քաղաքապետ Գագիկ Աթաջանյանի պաշտոնավարման ժամանակ հանձնվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, իսկ այժմ մի քանի տարի է, դրա կառավարումը ժամանակավորապես ստանձնել է ֆրանսիական «Սաուր» կազմակերպությունը:

Բնապահպանության նախարարության Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժինը, որը զբաղվում է նաեւ ջրային ռեսուրսների քանակական եւ որակական վիճակի պահպանման եւ բարելավման հարցերով, արձանագրել է որոշակի թերություններ:

Ըստ Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ Արամ Գրիգորյանի' կոյուղատարի վրա խոշոր վթարներ կան, որոնք պետք է վերացվեն:

«Արդեն զգուշացվել են: Խնդիրը շատ է քննարկվել, եղել են հասարակական լսումներ, բայց հարցը դեռեւս չի լուծվել: Մաքրման կայանը չի գործում, գոնե կարելի է վերացնել կոյուղագծի վթարները քաղաքի միջով անցնող հատվածում: Դա էլ չի արվում: Համակարգը 60-ական թվականներին է կառուցված. այն արդեն մաշված է: Վթարները քաղաքի գիշերօթիկ դպրոցի, զորամասի եւ թունելի մոտ են, դրանք անցնում են գետնի տակով, աչքի համար անտեսանելի են»,- ավելացնում է Արամ Գրիգորյանը:

«Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղից էլ հավաստիացնում են, որ պարբերաբար աշխատանքներ են կատարվում կոյուղագծերի վթարները վերացնելու ուղղությամբ, իսկ կոյուղաջրերի հեռացման նպատակով բնակիչներից գանձվող գումարները ծառայում են իրենց նպատակին, իրականացվում են խցանումների վերացման աշխատանքներ եւ այլ անհրաժեշտ միջոցառումներ:

«Մենք ունենք նաեւ կեղտաջրերը Ողջի գետի որոշ հատվածներում թափելու թույլտվություն: Կա կառավարության որոշում, որ մի շարք քաղաքներում, այդ թվում նաեւ Կապանում, դա թույլատրվում է: Իսկ ինչ վերաբերում է կոյուղու մաքրման կայանին, ապա այն ամբողջովին ավերված ու թալանված է եղել նախքան «Սաուր» կազմակերպության' համակարգի կառավարման ստանձնումը: Թող մի անգամ Կապանի «Օրհուս» կենտրոնում քննարկում կազմակերպվի, եւ օրակարգում հենց մաքրման կայանի հարցը դրվի, թե ե՞րբ, ի՞նչ պարագայում եւ ո՞ւմ մեղքով ամբողջովին ավերվեց մաքրման կայանը, որի կառուցումը գրեթե ավարտին էր հասցվում»,- մեզ հետ զրույցում նշում է «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի մամուլի խոսնակ Մհեր Եղիազարյանը եւ ավելացնում, որ փորձում են դիմել դոնոր կազմակերպություններին, որ ներդրումներ արվեն Կապան համայնքում մաքրման կայան վերականգնելու կամ նորը կառուցելու համար:

Իսկ Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն պատրաստվում է դատական 2 հայց ներկայացնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի եւ ՀՀ բնապահպանության նախարարության դեմ:

Հայցապահանջ կներկայացվի «Հայջրմուղկոյուղու» դեմ' բաժանորդների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների խախտման հիմքով, քանի որ ըստ կազմակերպության ներկայացուցիչների' ընկերությունը չի հեռացնում ու մաքրում բաժանորդների կեղտաջրերը' պայմանագրով նախատեսված քանակին ու որակին համապատասխան: Իսկ վարչական դատարանում կվիճարկվի ՀՀ բնապահպանության նախարարության անգործության փաստը:

 

«Ծառայություն մատուցող ընկերությունը պայմանագրով պարտավորվում է կատարել կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը, եւ նշված չէ, որ թույլատրվում է դրանք լցնել քաղաքի միջով հոսող գետը: Բացի այդ' ամեն ամիս բնակիչներից գանձումներ են անում մի ծառայության դիմաց, որը չեն իրականացնում: Մեծ է նաեւ բնապահպանության նախարարության ցուցաբերած անտարբերության եւ անգործության դերը: Նախարարությունը պարտավոր է իրականացնել ջրային ռեսուրսների պահպանություն, մշակել միջոցառումներ' ջրային էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունները կանխելու համար, ապահովել ջրային ռեսուրսների պահպանությունը, բայց համապատասխան անհրաժեշտ միջոցառումներ չեն իրականացվում»,- ասում է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:

Բազմիցս են կազմակերպվել հասարակական լսումներ, որոնց ժամանակ քննարկվել է ջրահեռացման ու ջրամատակարարման համակարգի անմխիթար վիճակը, բայց այդպես էլ որեւէ բան չի փոխվել Կապանում: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հուսով են, որ դատական գործընթացներով խնդրի լուծման սկիզբը կդրվի:

http://hetq.am