ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երեխաների նկատմամբ բռնությունն անընդունելի է. ՀՀ ԿԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անընդունելի է համարում բռնությունը երեխաների նկատմամբ:
«Երեխաների նկատմամբ ցանկացած բռնություն և ոտնձգություն նրա իրավունքների նկատմամբ, լինի դա հանրակրթական կամ հատուկ դպրոցում, պետք է խստագույնս պատժվի»,- երկուշաբթի լրագրողներին ասաց նա՝ մայրաքաղաքի դպրոցներից մեկում վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Ուսուցչուհու կողմից մի քանի աշակերտների՝ ծեծի ենթարկելու կադրերով տեսահոլովակ է տեղադրվել Ինտերնետում։ Սա ամսվա սկզբից արդեն երկրորդ նման դեպքն է։
«Հայաստանի դպրոցներում երեխայի իրավունքների պաշտպանությունն առաջնահերթ խնդիր է մեզ համար։ Երեխաների նկատմամբ որևէ բռնություն չի կարող հիմնավորված լինել»,- նշեց նախարարը։
Աշոտյանը հայտարարեց, որ միջադեպի «հերոսուհին» Երևանի Արաբկիրի շրջանի դպրոցներից մեկի ուսուցչուհի է, ով մեկ շաբաթ առաջ ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն։
«Մեր դպրոցները ոչ միայն կրթական գործընթացի իրականացման վայր են, այլ նաև մի վայր, որտեղ ցանկացած անձ՝ մանկավարժ, տնօրեն և հատկապես երեխա, պետք է իրեն պաշտպանված զգա»,- ընդգծեց նախարարը։
Աշոտյանը նշեց նաև, որ չնայած փոփոխվող արժեհամակարգին և սերնդափոխությանը, ոչ վատ վարքը, ոչ էլ վատ դաստիարակությունը, ոչ էլ ցանկացած այլ պատճառ հիմք չի տալիս դպրոցներում բռնության կիրառման համար։
Ինչպես նկատեվ նախարարը, հաճախ երեխան ընտանիքում ի վիճակի չէ յուրացնելու վարքի տարրական նորմերը՝ երեխայի դաստիարակությանն ուղղված ծնողական ջանքերին խանգարում է փողոցը։
«Այնուամենայնիվ, բոլորը պետք է հասկանան, որ մենք գործ ունենք մի նոր տեսակի երիտասարդության հետ, և կրթական համակարգում կմնան միայն այն ուսուցիչներն, ովքեր ի վիճակի են աշխատել բոլոր սովորողների հետ»,- ասաց Աշոտյանը։
Նախարարը նշեց նաև, որ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար, հավելելով, որ նոր տեխնոլոգիաների միջոցով հաշված վայրկյաններում քաղաքացու ցանկացած արարք կարող է հասանելի դառնալ հանրությանը։
«Տեխնոլոգիաները ներթափանցում են ամենուր, նրանք մեր կյանքն ավելի թափանցիկ և հաշվետու են դարձնում։ Մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար։ Պետք չէ մոռանալ, որ այսօր բոլոր պատահարները կարելի է հեշտությամբ հրապարակել և հանրությանը ներկայացնել»,- ասաց Աշոտյանը։
