Մարդու և քաղաքացիների հիմնարար ազատությունների պաշտպանությունը Հայաստանի հիմնաքարերից է. ՀՀ նախագահ

 

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մարդու և քաղաքացիների հիմնարար ազատությունների, ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը Հայաստանի հիմնաքարերից են, հինգշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և Հայաստանում անցկացված «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի մասնակիցների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Նախագահը կարևորել է Երևանում ֆորումի անցկացումը՝ հույս հայտնելով, որ դրա շրջանակներում արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել: 

ՀՀ նախագահը բարձր է գնահատել ԵԽ դերը մարդու իրավունքների, ժողովրդավարության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման գործում' ընդգծելով համաեվրոպական արժեքներին Հայաստանի նվիրվածությունը:

«Մարդու և քաղաքացիների հիմնարար ազատությունների, ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության, մեր պետականության հիմնաքարերից են: Հայաստանի անկախացումից հետո այդ ուղղությամբ մենք զգալի ճանապարհ ենք անցել: Այնուհանդերձ, հստակորեն գիտակցում ենք, որ դեռևս շատ աշխատանք ունենք կատարելու և մենք հաստատակամորեն տրամադրված ենք այդ ճանապարհն անցնելու մինչև վերջ, թեև ասում են, որ այդ ճանապարհը վերջ չունի», - ասել է ՀՀ նախագահը:

Յագլանդն իր հերթին ասել է, որ շատ ուրախ է տեսնելու, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդում լավ գործընկեր է:

«Մենք, իհարկե, ուշի-ուշով հետևում ենք Հայաստանում ընթացող զարգացումնե րին: Ես համակարծիք եմ Ձեզ հետ, պարոն նախագահ, որ դուք արդեն անցել եք բավականին երկար ուղի: Եվրոպայի խորհրդի հիմնական առաքելությունն է' օգնել պետություններին հաղթահարելու այդ ճանապարհը կամ իմ բնորոշմամբ' մայրուղին: Ես նաև համակարծիք եմ, որ այդ մայրուղին վերջ չունի: Ընդ որում' գիտենք, որ ճանապարհի երկու կողմում էլ աշխարհում կան բազմաթիվ խոչընդոտներ ժողովրդավարության համար: Եվ որքան առաջ ենք ընթանում' նորերն են ավելանում»,- ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Թորբյորն Յագլանդը բարձր է գնահատել նաև ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի գործունեությունը' նշելով, որ նա աջակցում է Եվրոպայի խորհրդում ձեռնարկվող բարեփոխումներին, որոնք միտված են կազմակերպությունն ավելի նպատակային դարձնելու և ժողովրդավարության ապագա մարտահրավերներին ավելի լավ նախապատրաստելու համար:

Հինգշաբթի Երևանում աշխատանքն է ավարտել Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» եռօրյա ֆորումը, որին մասնակցել են եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Միջոցառման ընթացքում քննարկվել են Եվրոպայում ժողովրդավարության սկզբունքներն ու մարտահրավերները: Քննարկումներին մասնակցել են եվրոպացի և հայ քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների և գիտական շրջանակների ներկայացուցիչներ:

ԵԽ-ն նմանատիպ ֆորում է կազմակերպել 2005 թ.-ին Վաշինգտոնում, 2006 թ.-ին՝ Մոսկվայում, 2007 թ.-ին՝ Ստոկհոլմում, 2008 թ.-ին՝ Մադրիդում և 2009 թ.-ին՝ Կիևում մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական կուսակցությունների դերի, ընտրական համակարգերի թեմաներով:

http://newsarmenia.am