Ոչ կանոնադրական հարաբերությունները զինծառայողների ինքնագիտակցության ցածր մակարդակի հետևանք են

2010 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը և ԵԱՀԿ ռազմաքաղաքական բաժնի ղեկավար Գժեգորժ Միխալսկին ներկայացրին «Աջակցություն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ Զինված ուժերի առավել արդյունավետ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու գործընթացում» ծրագրի եզրափակիչ հաշվետվությունը: Հետազոտության նպատակն էր պարզել մարդու իրավունքների վիճակը ՀՀ զինված ուժերում:

 

«Բանակը, լինելով յուրահատուկ ոլորտ՝ իր ներքին օրենքներով և օրինաչափություններով, այդուհանդերձ, հանդիսանում է նաև հասարակության վիճակի ցուցանիշ, քանի որ նրանում առավել խտացված կերպով դրսևորվում են հասարակության զարգացման և՛ դրական, և՛ բացասական միտումները»,- ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

ՄԻՊ զինվորական հարցերի գծով խորհրդական Ռուստամ Մախմուդյանի խոսքերով՝ հիմնական խնդիրներից մեկը զինծառայողների իրավագիտակցության ցածր մակարդակն է, որի հետևանքով իրենք չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները:

Նա նաև նշեց, որ զորամասերում, աշխատանքի ընթացքում ուսումնասիրելով զինծառայողների բնակելի տարածքները և սանհանգույցը, նկատել են սանիտարահիգիենիկ վատ պայմաններ, ինչպես նաև զինծառայողների բնակտարածքների անհամապատասխանություն նորմերին:

«Հանդուրժողականության կենտրոն» հկ-ի հոգեբան Սոնա Մանուսյանը, որը նույնպես մասնակցել է հետազոտությանը, ասաց, որ ոչ կանոնադրական հարաբերությունների ընկալման տարբերություններ կան զինծառայողների շրջանում: Զինծառայողների այդ ընկալումը հիմնականում փոխկապակցված է սպայի բարոյահոգեբանական վիճակի, մարդկային հատկանիշների և ընդհանուր զարգացվածության հետ: Սոնա Մանուսյանը առաջարկում է խթանել մանկավարժահոգեբանական գիտելիքների ձեռքբերումը սպաների շրջանում, որոնք հնարավորություն կտան ժամանակին կանխել հնարավոր խմորումները:

Կատարված վերլուծության հիման վրա մշակվել են նաև բարեփոխումների մի շարք առաջարկներ:

Աննա Բարսեղյան

Աղբյուր՝ www.hra.am