ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լ.Ալավերդյան. « Կարմիր խաչը չի կատարում իր պարտականությունները»

Հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Ժառանգության» ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ նախաձեռնել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ստորագրությամբ նամակ-պահանջ ուղարկել միջազգային մի շարք կազմակերպություններին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ, ԵԽ և ԵԽԽՎ նախագահներին, որպեսզի Ադրբեջանում գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի մահվան հանգամանքները պարզող հետաքննությանն անպայման մասնակցեն հայաստանյան փորձագետները:
Panorama.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, սակայն, նշեց, որ դեռևս պատասխան չի ստացել, թեպետ ընթացակարգով դեռ ամիսը չի լրացել, որի ընթացքում պարտավոր են պատասխանել: Բայց և տեղեկացրեց, որ նա չի պատրաստվում սպասել և նոր քայլեր է նախատեսում իրականացնել` մասնավորապես բարձրաձայնելու, որ դժգոհ է միջազգային որոշ կազմակերպությունների աշխատանքից:
Այն է` Լ.Ալավերդյանը բավականին վերապահումով է մոտենում Կարմիր խաչ միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի հայտարարությանը, որոնք առանց այցելության ու, փաստորեն, աճյունը տեսնելու հայտարարում են, որ կարող են հաստատել Մ.Սարիբեկյանի մահվան փաստը. «Սա այն դեպքն ու առավել ևս ձևը չէ, որով պետք է հանդես գա միջազգային մի կազմակերպություն, ինչպիսին որ Կարմիր խաչն է, որը երեք վայրերում էլ ունի պատվիրակություն»,- ընդգծեց պատգամավորը:
Տիկին Ալավերդյանի համոզմամբ, ԿԽՄԿ-ը պետք է հասնի նրան, որ ինքը տեսնի դին կամ հստակ իդենտիֆիկացնի աճյունը, իսկ ներկայիս իր գործողություններն ուղղված են ոչ այնքան վերոհիշյալ նամակ-պահանջի կատարմանը, որքան մատնանշելուն, որ Կարմիր խաչը, փաստորեն, չի կատարում իր պարտականությունները:
Մնում է միայն ավելացնել, որ անցած շաբաթ Աստրախանում նախագահների եռակողմ հանդիպմանը համատեղ հայտարարություն է ընդունվել, համաձայն որի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են որպես առաջին քայլ` ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ անհապաղ կատարել ռազմագերիների փոխանակում և զոհվածների աճյունների վերադարձ, ինչպես նաև` առաջնորդվել այս մոտեցումներով նաև հետագայում` ելնելով այդ հարցերի բացառապես հումանիտար բնույթից: Իսկ դրանից մի քանի օր անց` շաբաթ օրը, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Աշոտ Աստաբացյանը հայտարարել էլ, թե` ԿԽՄԿ-ն պատրաստ է կատարել Աստրախանում նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունը:
Աղբյուր՝ http://www.panorama.am
