Սպառողների իրավունքները, գնաճը, մենաշնորհները և անպատժելիությունը

Գնաճը մեր երկրում հիմնավորված չէ օբյեկտիվ պատճառներով, այլ կամայական բնույթ է կրում, որի պատճառը շուկայում մենաշնորհների և անբարեխիղճ մրցակցության առկայությունն է։ Նոյեմբերի 3-ին «Տեսակետ» ակումբում այս կարծիքը հայտնեց Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը։

Նա ասում է, որ պետք չէ առկա գնաճի մեջ օբյեկտիվ բացատրություններ որոնել։ Խնդիրը ավելի շատ պետության վարած տնտեսական քաղաքականության մեջ է, որը, Ա.Պողոսյանի խոսքերով, արատավոր է. «Տնտեսական քաղաքականության մասին խոսելիս երկու ասպեկտ պետք է առանձնացնենք՝ օպերատիվ գործողություններ և, ընդհանրապես, տնտեսական զարգացման կոնցեպցիա ունենալը, երկուսն էլ թերի են»։

Արմեն Պողոսյանը բավարար չի համարում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ձեռնարկած քայլերը իր լիազորությունների շրջանակում։

«Տուգանքները և պատժամիջոցները պետք է լինեն ոչ թե դաժան, որպեսզի ձեռնարկությանը տանեն սնանկացման, այլ անվրեպ, որովհետև այդ երևույթը, թերությունը որ կար, մեկի մոտ չէ, շատերի մոտ է»,- նկատում է նա՝ խոսելով թռչնամսի և ձվի շուկայում ՏՄՊՊՀ կողմից հայտնաբերված անբարեխիղճ մրցակցության դեպքերի մասին։
Ըստ Ա.Պողոսյանի՝ տուգանքները պետք է լինեն դիֆերենցացված՝ արտադրողի եկամտին համարժեք։ Նույն տուգանքը բոլորի դեպքում կիրառելը, նրա կարծիքով, սխալ է, որովհետև մեծ ձեռնարկությունների համար, օրինակ, 500.000 դրամ տուգանքը կարող է լինել «պարգևատրման նման մի բան», իսկ փոքր ձեռնարկությանը կարող է հասցնել սնանկացման։

Սպառողների ասոցիացիայի նախագահի խոսքերով՝ աղքատության հաղթահարման ռազմավարության մեջ գրված է, որ գնաճը չպետք է գերազանցի 3 տոկոսը, իսկ առանձին ապրանքատեսակների և ծառայությունների դեպքում մենք ունենք նույնիսկ 100 տոկոս գնաճ։
Մեր հանրապետությունում գնաճը, ըստ Ա.Պողոսյանի, օբյեկտիվ չէ, այլ կամայական բնույթ է կրում, որի պատճառը ձեռնարկատերերի՝ ավելի մեծ եկամուտներ ստանալու ցանկությունն է ու անպատժելիության մթնոլորտը։
Նա որպես օրինակ բերում է շաքարավազի գնի թանկացումը, որը տրամաբանորեն պիտի էժանանար, քանի որ արդեն արտադրվում է տեղում և կրճատվել են տրանսպորտային ծախսերը, բայց հակառակն է տեղի ունեցել։

«Հիմնական չարիքը մոնոպոլ դիրքն է»,- ասում է Արմեն Պողոսյանը՝ ավելացնելով, որ ըստ օրենքի որևէ շուկայի 30 տոկոսը զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտը պետք է լինի ՏՄՊՊՀ հատուկ ուշադրության կենտրոնում։ Իսկ 30 տոկոսը գերազանցելը արդեն համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսևորում և պատժվում է օրենքով։

Իսկ ինչո՞ւ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները չեն միավորվում և պայքարում գնաճի զսպման համար։ Արմեն Պողոսյանը կարծում է , որ թեև դա իրենց պարտականությունն է, բայց իրենց փորձը ցույց է տալիս, որ «հասարակական մասսայական միջոցառումները մեր երկրում առայժմ արդյունք չեն տալիս»։

Իսկ հասարակությունը ամեն ինչ հանդուրժում է, որովհետև «մենք այդպիսին ենք, մենք հայ ենք»։ Սպառողների ասոցիացիայի նախագահը նշում է, որ իրենց շատ են դիմում տարբեր բողոքներով, բայց իրենց ուժերից վեր է բոլոր խնդիրներին լուծում տալ։ Մենք բոլորս պետք է տիրապետենք սպառողի գոնե նվազագույն իրավունքներին և լինենք պահանջկոտ, կարծում է Ա.Պողոսյանը։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am