Զինծառայողին դաժանաբար ծեծած փոխգնդապետը ձերբակալվել է

Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող, 18-ամյա Էրիկ Գրիգորյանին դաժանորեն ծեծելու փաստի առիթով Երևանի 4-րդ կայազորային քննչական բաժնում Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասով՝ «Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը», որով նախատեսված է 2-5 տարվա ազատազրկում:

Պաշտպանության նախարարության Քննչական բաժնից Մերի Սարգսյանը մեզ հայտնեց, որ նոյեմբերի 4-ի երեկոյան Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանը ձերբակալվել է: Նա այժմ գտնվում է Ռազմական Ոստիկանության մեկուսարանում: 72 ժամվա ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, և դատարանը կորոշի խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ 18-ամյա ժամկետային զինծառայողը զորամասի հրամանատարի տեղակալի դաժան ծեծի հետևանքով ուղեղի ցնցումով, սալջարդերով ու քթի կոտրվածքով տեղափոխվել էր Զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունք:

Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ www.hra.am