ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ուրիշի «քշած» կանայք և ամուսնական գործակալությունները

2010 թվականի նոյեմբերի 5-ին «Արմատ» մամուլի ակումբում «Հանդիպում» ընտանիքի և ամուսնության կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը և սեքսապաթոլոգ - հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը խոսեցին Հայաստանում ընտանիք կազմելու ավանդական մեթոդների և ամուսնական գործակալությունների ինստիտուտի մասին: Նարե Մարտոյանի խոսքերով՝ ամուսնական գործակալություններին դիմում են կայացած, կազմակերպված, «կյանք տեսած» մարդիկ, որոնք հիմնականում խոչընդոտներ են ունեցել և հուսալքվել են, նաև ամուսնալուծվածները և երբեք չամուսնացածները: «Հանդիպում» ընտանիքի և ամուսնության կենտրոնի ծառայություններից ակտիվորեն օգտվում են 30-ից 60 տարեկանները, թեև դիմողների համար տարիքային սահմանափակում չկա. 17-80 տարեկան ցանկացած անձ կարող է դիմել ամուսնական գործակալությանը: «Հանդիպում»-ն անգամ ամենատարեց զույգերի միություն է գրանցել՝ կինը 67, տղամարդը՝ 76 տարեկան:
«Հաճախորդը պետք է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնի, հարցաթերթիկ լրացնի իր մասին, պահանջները ներկայացնի, թե ինչպիսին է ուզում լինի հակառակ սեռի ներկայացուցիչը, և վճարի 10500 դրամ միանվագ վճար», -ասում է «Հանդիպում» ընտանիքի և ամուսնության կենտրոնի տնօրենը:
Hra.am-ի հարցին՝ արդյո՞ք տղամարդիկ պահանջների մեծ նշում են, որ կինը կույս լինի՝ Նարե Մարտոյանը պատասխանեց, որ նման պահանջ երբեք չի եղել:
«Հակառակը, մի 54 տարեկան կին ունեինք, որին ոչ ոք չէր ընտրում, որովհետև նա կույս էր: Երևի տղամարդիկ մտածում են՝ ինչքան անհետաքրքիր է եղել այդ կինը, որ դեռ կույս է մնացել», - ասում է «Հանդիպում» կենտրոնի տնօրենը:
«Չնայած՝ բոլոր տղամարդիկ էլ ուզում են, որ իրենք առաջինը լինեն իրենց կնոջ կյանքում»,- հավելում է սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը:
Hra.am-ի «ինչու՞» հարցից՝ սեքսապաթոլոգը զարմացավ.
«Ի՞նչ է նշանակում «ինչու՞»: Ես Ձեզ հակադարձ հարց տամ. դուք կուզենայի՞ք, որ Ձեր ամուսինը մի քանի անգամ ամուսնացած-բաժանված լիներ»:
Hra.am-ի «ի՞նչ կապ ունեն սեռական հարաբերությունները ամուսնության հետ» պատասխանից սեքսապաթոլոգը կրկին զարմացավ:
«Ո՞նց՝ «ի՞նչ կապ ունի», անմիջական կապ ունի: Եթե ամուսնացել է, ուրեմն ամեն ինչը պետք է նորմալ լինի: Կոպիտ օրինակ բերեմ՝ ավելի լավ չի՞ մարդը գնա խանութից նոր մեքենա գնի ինքը վարի էդ մեքենան, թե՞ ուրիշի վարած մեքենան...»
Նարե Մարտոյանի խոսքերով՝ «Հանդիպման» 7 տարվա գործունեության մեջ եռամսյակային տվյալներով 12 ամուսնություն է գրանցում:
Hra.am-ի հարցին՝ արդյո՞ք ամուսնալուծություններ եղել են, Նարե Մարտոյանը այդպիսի ընդամենը 2 դեպք հիշեց: Նա նշեց նաև, որ հայ կանանցով հմայված են նաև օտարազգիները, որոնք նույնպես գրանցված են «Հանդիպում» ընտանիքի և ամուսնության կենտրոնում, անգամ Նորվեգիայի հայտնի թերթերից մեկի խմբագիրն է գրանցվել, որի կյանքի գլխավոր նպատակն է հենց հայուհու հետ ամուսնանալը:
Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ www.hra.am
