ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զորակոչի ընթացքում միակ խնդիրը կոռուպցիոն ռիսկերն են. Պաշտպանության նախարարի կարծիքը

Ստեղծված հանրապետական ու մարզային հանձնաժողովների և բժշկական հանձնաժողովների մեջ որակական առաջընթաց կա, որովհետև մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում կադրային աշխատանքներին: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Իրական քաղաքականություն» հաղորդմանը տված հարցազրույցում:
«Զինկոմիսարիատներում զինկոմների մեջ ենք մենք բավականին տեղափոխություններ կատարել, պաշտոններից ազատել, նոր մարդկանց նշանակել, բժշկական հանձնաժողովներում առողջապահության նախարարի հետ մենք փորձել ենք ընտրել հանրապետության անվանի մասնագետներին, և նրանց հետ էլ առողջապահության նախարարության ենթակայության տակ համապատասխան ինստիտուտում վերապատրաստման աշխատանքներ են ընթանում: Եռակի հետազոտությունները զինկոմիսարիատներին կից հավաքակայանում, նաև զորամասերում իրականացվող բուժհետազոտություններն այսօր գրեթե բացառում են ծառայության ոչ պիտանի անձնավորությունների զորակոչելը զինվորական ծառայության», -հավելել է նախարարը:
Նա նաև տեղեկացրել է, որ «լուրջ աշխատանք» են տանում նաև իրավախախտումների ու ծառայությունից խուսափողների բացահայտման ուղղությամբ: Նրա խոսքով, վերջին տարիներին տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին վարչական տույժերի են ենթարկվում այն մարդիկ, ովքեր կցագրման գործընթացում բացթողումներ թույլ տվել:
«Կարծում եմ, որ այսօր նաև մեր ծնողներին մտահոգում է այն, թե ինչպես են իրենց երեխաներն ազատ քաղաքացիական կյանքից հարմարվում բանակային ռեժիմին, համապատասխան կանոնադրությունների սահմանափակումներին, ասենք` հրամանատարական ուղղահայաց ենթարկվածության տակ հարմարվողականության գործընթացին: Եվ այստեղ այդ նորակոչիկների հետ աշխատանք տանելու համար ստեղծվում են համահավաք ստորաբաժանումներ, իսկ առաջին գծում ծառայության համար` նորակոչիկների նախապատրաստման գումարտակներ, որտեղ իրենց ծառայությունը տանում են վեց ամիս, որից հետո մեկնում են առաջին գծում ծառայության», -նկատել է նախարարը` ընդգծելով, որ այդ ստորաբաժանումներում կրտսեր հրամանատարակազմը այնպիսի մարդիկ են ներկայացնում, որոնք ունեն ե'ւ դաստիարակության, ե'ւ հոգեբանության ոլորտներում մասնագիտական համապատասխան ունակություններ:
«Զորակոչի ընթացքում գրեթե խնդիրներ չկան: Միակ խնդիրը, կարծում եմ, կոռուպցիոն ռիսկերն են: Բոլոր այն գործընթացներում, որտեղ կան խախտումներ, դրանց բացահայտման համար միայն Պաշտպանության նախարարության ջանքերը լիարժեք չեն կարող լինել. զորակոչը բոլորիս խնդիրն է` ե'ւ հասարակության, ե'ւ ծնողի, ե'ւ նույն զորակոչիկի: Եվ այսօր ես ուզում եմ կոչ անել, որ բոլորը հաշվի առնեն այդ հանգամանքը, և եթե կլինեն թերություններ, կլինեն բացթողումներ, կլինեն չարաշահումներ, ապա առաջին հերթին դիմեն Պաշտպանության նախարարին կից գործող հասարակական խորհրդին, մենք ունենք թեժ գիծ, կարող են ցանկացած ժամանակահատվածում ահազանգել, դիմել պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի ղեկավար կազմերին, անձամբ ինձ և գտնում եմ, որ մենք, օրենքի սահմաններում, ցանկացած հարցին դրական լուծումներ կտանք», -հավելել է նախարարը:
Աղբյուր`http://panorama.am
