ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայտնի են բերման ենթարկվածների անունները. Պիկետի ընթացքում նաև երգում են

«Ամոթ ոստիկանությանը», «Ազատ, անկախ Հայաստան»: Այս կոչերով քիչ առաջ մեկնարկեց ՀԱԿ պիկետը Երևան հյուրանոցի դիմաց` Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Ըստ նախատեսվածի, պիկետը կշարունակվի միչև ժամը 18-ը: Նշենք, որ Երևան հյուրանոցում այս պահին ընթանում է «Եվրամիություն - Հայաստան. քաղաքացիական հասարակություն» երկօրյա սեմինարը:
Panorama.am-ն արդեն տեղեկացրել էր, որ մինչ ակցիայի մեկնարկը ՀԱԿ չորս ակտիվիստներ բերման են ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն: Այժմ արդեն հայտնի է նրանց անունները` Արեգ և Սարգիս Գևորգյաններ, նրանք եղբայրներ են, Հայկ Գևորգյանն ու Սարգիս Խաչատրյանը:
Քիչ առաջ Երևան քաղաքի ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, գնդապետ Մելքոնյանը ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանին տեղեկացրել է, որ երիտասարդները բերման են ենթարկվել հասարակական կարգը խախտելու ու անկարգություններ անելու համար: Վ. Կարապետյանն էլ ի պատասխան հայտարարել է, թե իրենք կարող են տեսանյութ տրամադրել, որտեղ երևում են նրանց գործողությունները, դրանք հասարակական կարգի խախտում չեն:
Մելքոնյանը նշել է, որ այդ մասին տեղյակ կպահի իր ղեկավարությանը:
Panorama.am-ի թղթակցի հաղորդմամբ, հավաքվածները եկել են «Եվրոպա մի աջակցի բռնակալներին» ու այլ գրություններով ցուցապաստառներով: Նրանք նաև կիթառի հնչյունների ներքո իրենց պայքարին նվիրված երգ են կատարում:
Հիշեցնենք, որ պիկետի ավարտից հետո այսօր նախատեսված է նաև ՀԱԿ հանրահավաքը, որի ընթացքում ելույթ է ունենալու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Աղբյուր`http://panorama.am
