ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արդեն ծեծում են ուսանողներին
«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ՝ տնտեսագիտական համալսարանում միջադեպ է գրանցվել համալսարանի կարիերայի բաժնի պետ Սերգեյ Հովասափյանի և մի ուսանողի միջև։ Մաթեմատիկայի ընթացիկ քննության ժամանակ դասախոսը լսարանից դուրս է հրավիրել առաջին կուրսի ուսանող Հայկ Ավետիսյանին, ում կասկածել է «շպարգալկա» օգտագործելու մեջ։ Թերթի տեղեկություններով՝ տղան ընդամենը շրջված խոսելիս է եղել համակուրսեցու հետ: «Լսարանից դուրս գալու պահին Սերգեյ Հովասափյանն աքացի է տվել նրա ետևից, որից հետո վրդովված ուսանողը պատիվ է պահանջել: Այդ ընդվզումից հետո դասախոսը հարձակվել է տղայի վրա ու սկսել ծեծել: Ուսանողները բունտ են բարձրացրել, ու միջադեպից հետո ռեկտորատը ստիպված է եղել նիստ գումարել»,- գրում է թերթը:
Մենք փորձեցինք միջադեպի կապակցությամբ հավելյալ տեղեկություններ և մեկնաբանություն ստանալ տնտեսագիտական համալսարանի ռեկտորատից։ Ռեկտորի ընդունարանից www.hra.am-ին հայտնեցին, որ այս պահին ռեկտորը տեղում չէ, քննության է։ Քարտուղարը ասաց, որ քննության են նաև պրոռեկտորները։
Ի՞նչ է նշանակում ռեկտորատի այս խուսափողական դիրքորոշումը, եզրակացություններ արեք ինքներդ։
«Հրապարակ» թերթի ունեցած տվյալներով՝ ռեկտորատի նիստ է գումարվել, և որոշում է կայացվել Սերգեյ Հովասափյանին թողնել կարիերայի բաժնի պետի պաշտոնում, սակայն զրկել դասախոսելու իրավունքից։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
