Մի լավ կին կուշտ կպահեր այս երկիրը. Կին պատգամավոր

«Մայրական բնազդը կպահեր երկիրը, ժողովուրդը կուշտ կլիներ», -սա Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի պատասխանն է լրագրողի հարցին` եթե հանրապետության նախագահը կին լիներ, ինչպիսի՞ն կլիներ երկիրը:

Նախագահի սեռային պատկանելությունը Դաշնակցական պատգամավորի համար երկրորդային խնդիր է. ամենակարևորը երկրի ղեկավարը պետք է ժողովրդի կողմից ընտրված լինի: Գալստյանի խոսքով, եթե կին լինի Հայաստանի առաջնորդը, ապա առաջին հերթին կաշխատեն կնոջ բնազդները, «որոնք շատ օգտակար են մարդկանց համար»: «Ցավով եմ ասում, բայց ես չունեմ այն զգացողությունը, թե մեր հասարակությունը հոգեպես պատրաստ է կին նախագահ ընտրելուն», -հավելեց դաշնակցական խորհրդարանականը:

Ասուլիսին ներկա մյուս կին պատգամավորի` «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի համար երազանք է, որ Հայաստանի նախագահը երբևէ կին լինի: Նրա խոսքով, այդ պարագայում մեր երկրի առջև ծառացած խնդիրները կլուծվեին: «Կինն ավելի արդարամիտ է ու պատասխանատու», -բացատրեց պատգամավորը երանությամբ նկատելով. «Երանի այն օրվան, երբ Հայաստանի նախագահը կին կլինի»:

Գնաճ կլինե՞ր հետաքրքրվեց լրագրողներից մեկը: «Գնաճ չէր լինի, կինը տնտեսող է, մի լավ կին կուշտ կպահեր այս երկիրը», -արձագանքեց Լիլիթ Գալստյանը:

Անահիտ Բախշյանի համոզմամբ, ճիշտ է գնաճ կլիներ, բայց կին նախագահը մոնոպոլիան չէր հանդուրժի ու կվերացներ այն:

Աղբյուր`http://panorama.am