Ձորն ընկած զինվորը զորակոչված է եղել ոչ շարային ծառայության

Օրերս Մեղրի քաղաքի «Ծիրանաձոր» թաղամասի մերձակայքում գտնվող N զորամասի մարտական հենակետի հարակից ձորում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Իշխան Մովսիսյանի դին:
Շաբաթ օրը Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղում տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը:
Ավելի ուշ տեղեկատվություն տարածվեց, որ նա երիկամների լուրջ հիվանդության պատճառով Իշխան Մովսիսյանը ազատված է եղել զինվորական ծառայությունից, սակայն, այդուհանդերձ, նրան զորակոչել են բանակ:
Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը www.hra.am-ին հայտնեց, որ նա ազատված չի եղել զինծառայությունից, պարզապես զորակոչված է եղել ոչ շարային ծառայության համար։
Դեպքի առթիվ ՊՆ քննչական հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 365 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը), և ընթանում է նախաքննություն: Նշանակվել է Իշխան Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի կապակցությամբ այլ մանրամասներ չհաղորդվեցին։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am