ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Սարդարապատ»-ը կառավարման այլընտրանքային մոդելներ է փնտրում

Նոյեմբերի 18-ին Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նիստը՝ «Այլընտրանքային ընտրություններ» թեմայով։
Ակզբում զեկույցով հանդես եկավ տնտեսագիտության թեկնածու, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, ով ներկայացրեց այլընտրանքային ընտրությունների մոդելը կառավարման տեսանկյունից։
Այլընտրանքային ընտրությունը ավելին է, քան պարզապես իշխանություններից անկախ որևէ կազմակերպության կամ շարժման կողմից կազմակերպված ընտրություն։ Կառավարման մեջ հանրաքվեն նույնպես համարվում է այլընտրանքային ընտրություն։
Հ.Մեսրոբյանը բերեց եվրոպական տարբեր երկրների օրինակներ, որտեղ կառավարման արդյունավետ մոդելներ են գործում։ «Այլընտրանքային ընտրության անհրաժեշտություն է առաջանում այն դեպքում, երբ երևում է, որ պետական համակարգը, այս կամ այն կառույցները՝ սկսած նախագահից, վերջացած կառավարությունով, տարբեր մարմիններով, ուղղակի չեն կատարում սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրենց վրա դրված պարտավորությունները և, մյուս կողմից էլ, արգելափակում են ցանկացած ազատ ընտրությունների դրսևորում»,- նշեց փորձագետը։
Նա ներկայացրեց Հնդկաստանի օրինակը, որտեղ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո սկսեցին ձևավորվել «պետական համակարգին հոմանիշ կառույցներ»։ Փորձագետի խոսքերով՝ այդ կառույցները կարող են ձևավորվել կամ պետական մոդելի օրինակով կամ ստեղծվելիք կառավարման համակարգի մոդելին համարժեք։
Ըստ Հ.Մեսրոբյանի՝ պատմությունը ցույց է տալիս, որ հաջողության են հասնում այն այլընտրանքային ընտրությունները, որոնք նախաձեռնում է ինչ-որ խավ կամ շարժում։ Նա ողջունում է «Սարդարապատ» շարժման՝ այլընտրանքային խորհրդարան ստեղծելու նախաձեռնությունը, որը կարող է իր շուրջը համախմբել գործող իշխանություններին այլընտրանք փնտրողներին։ «Կառավարման տեսանկյունից դա գրագետ մոտեցում է, որը կիրառվում է ամբողջ աշխարհում»,- ասում է նա։
Փորձագետի զեկույցից հետո հարցեր և կարծիքներ հնչեցին «Սարդարապատ» շարժման անդամների կողմից։ Նիստին մասնակցողների պատկերացումները այլընտրանքային ընտրությունների վերաբերյալ տարբեր էին։ Նրանք համակարծիք էին միայն մի հարցում՝ «գործող ռեժիմը պետք է տապալվի», որպեսզի ունենանք ժողովրդավար երկիր։
«Սարդարապատ» շարժման անդամ Գառնիկ Մարգարյանը հռետորական հարց հնչեցրեց, թե զեկույցում ներկայացված այլընտրանքային ընտրությունների դասական մոդելը որքանո՞վ է կիրառելի Հայաստանում առկա «ռեժիմի» պայմաններում։
Նիստին մասնակցողների մեծամասնության կարծիքով՝ «մինչև չլինի հեղափոխություն, որը կբերի համակարգային փոփոխություններ, հնարավոր չէ իրավիճակը փոխել»։
«Այստեղ միամիտ մարդիկ չկան։ Մենք բոլորս հասկանում ենք, որ համակարգափոխությունը լինելու է փողոցում, լինելու է դաժան, լինելու է արյունոտ։ Ցավոք սրտի, մենք այլ լուծում ներկա պահին չենք տեսնում»,- հայտարարեց «Սարդարապատ» շարժման անդամ Հայկ Բալասնյանը։
Նրա կարծիքով՝ իրենց հիմնական խնդիրը կազմակերպման խնդիրն է։ Իրենք պետք է մշակեն տեխնոլոգիաներ, թե ինչպես ժողովրդին և մտածող մարդկանց համախմբել մեկ տանիքի տակ, որը տվյալ դեպքում կարող է լինել «Սարդարապատը»։
Վերջում նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը ներկա էր նիստին, սակայն զերծ մնաց հարցեր կամ կարծիք հնչեցնելուց։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
