ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Էմո» շարժման մեջ կասկածվող աղջիկները բերման են ենթարկվել

Հոկտեմբերի 18-ին ժամը 16:30-ի սահմաններում մի խումբ աղջիկներ Մանկական երկաթուղու տարածքից բերման են ենթարկվել Կենտրոն Ոստիկանություն: Պատճառը եղել է գանգի մեջ 2 դանակ խրված հուշանվերը: Ավելի ուշ աղջիկները հայտնեցին, որ իրենց բերման են ենթարկել, որովհետև կասկածել են «Էմո» շարժման մեջ:
Այսօր ոստիկանություն բերման ենթարկված աղջիկները մամուլի ասուլիս են հրավիրել՝ պատմելու երեկ իրենց հետ տեղի ունեցածի մասին: Նրանցից միայն երեքն էին ներկա. ինչպես իրենք ասացին՝ այլ աղջիկների ծնողները թույլ չեն տվել ասուլիսին ներկայանալ, ոմանք անգամ տնային կալանքի տակ են:
Ինչպես պարզվեց, գանգ հուշանվերը աղջիկներից մեկը տնից բերել էր ընկերուհուն նվիրելու համար, քանի որ տատիկը, սնահավատ լինելով, խնդրել է տանել տնից. կարծում է՝ դա վատ նշան է:
Աղջիկների խոսքերով՝ այդ հուշանվերը իրենց մոտ տեսնելուց հետո Մանկական երկաթուղու հսկիչները, դա սառը զենք համարելով, կոպտորեն դուրս են հրավիրել այգուց, այնուհետև ոստիկանություն են կանչել:
«Հսկիչները շատ կոպիտ և ագրեսիվ էին: Մենք ոչ ֆորմալ ենք հագնված, իսկ դա իրենց մոտ ասոցացվում է էմոների, սատանիստների հետ, չնայած՝ վստահ եմ իրենք ընդհանրապես չգիտեն, թե էմոն ինչ է և ինչ է իրենից ներկայացնում»,- ասում է բերման ենթարկված աղջիկներից Ծոմակը:
Նա պատմում է, որ ոստիկանները «չեն ներկայացել և ոչ կիրթ, գողական խոսակցություն են ունեցել իրենց հետ»:
«Երկրորդ անգամ, երբ ես ասացի՝ խնդրում եմ՝ ներկայացե՛ք, թե ով եք, ինքը դրանից ագրեսիվացավ, իբր՝ ես ով եմ, որ իրեն էդ հարցը տամ»,- ասում է Ծոմակը:
Ոստիկաններն ասել են, որ աղջիկները կասկածյալ են, քանի որ սառը զենք ունեն, պետք է նստեն մեքենան և գնան ոստիկանություն: Ծոմակի խոսքերով՝ երբ նա փորձել է պարզել, թե պատճառը որն է, ոստիկանները «ավելի են գրգռվել և սկսել են հրել, սպառնալ և աղջիկներին ուժով մտցնել մեքենայի մեջ»:
Եվս երկու տղայի, որոնք, աղջիկների խոսքերով, իրենց հետ ընդհանրապես կապ չեն ունեցել, նույնպես «գցել են մեքենայի մեջ»:
«Ոստիկանների համար տարիքն էլ բացարձակապես կապ չունի: Մարդկային զգացողություններն իրենց մոտ զրոյացված են: Նրանք Բելլայի մազերից էլ քաշեցին, չես հասկանում՝ ինչու: Դե էլ չեմ ասում իրենց խոսելու ձևն ու տոնը»,- ասում է Ծոմակը:
Իզաբելլան պատմում է, որ երբ գրպանից հեռախոսը հանել է, ոստիկանը սկսել է մազերից քաշել, հրել և հեռախոսը շպրտել է:
«Ես չդիմացա, գոռացի վրան, ինքն էլ ասաց՝ դու գիտես վաբշե ես ով եմ»,- պատմում է նա:
Աղջիկների խոսքերով՝ Ոստիկանությունում իրենց բարոյահոգեբանորեն ճնշել են:
«Իրենց վերաբերմունքը, խոսելը, որ մենք որպես մարդ ընդհանրապես գոյություն չունենք: Նույնիսկ երևի տառական էլ չէինք իրենց համար: Ասում եմ՝ դուք է՞ս աստիճանի կարող եք դաժան լինել: Ասում են՝ այո, մենք ոչ միայն դաժան ենք, մենք սիրտ էլ չունենք»,- պատմում է Ծոմակը:
Նա պատմում է նաև, որ տղային էլ , որը պոչ է ունեցել, հոգեբանորեն ճնշել են: «Պետի վերաբերմունքը ավելի սարսափելի էր: Հայացքը, նայելու ձևը: Էդ տղայի վրայով անցավ ուղղակի,- ասում է Ծոմակը,- տղան էլ ձայն չէր կարողանում հանել, որովհետև եթե ձայն հաներ, չէիր կարող իմանալ քեզ հետ ինչ կանեին: Ասում էին՝ «էս ինչ ա վիճակդ, դու մարդ չես, էս ինչ աննորմալ վիճակ ա»: Իրենց չի հետաքրքրում դու ով ես, քո արտաքին տեսքը էդպիսին ա, ուրեմն դու վտանգավոր ես, վերջ»:
Աղջիկների խոսքերով՝ ոստիկանները չգիտեն էլ, թե «Էմո» շարժումն ինչ է:
«Մենք ենք փորձել բացատրել, թե դա ինչ է և որ մենք այդ շարժման հետ կապ չունենք»,- ասում է Ծոմակը:
Նա նաև հավելեց, որ Ոստիկանությունում բացատրագիր գրելու ժամանակ նրան ասել են՝ չգրի, թե ինչպես են իրենց Ոստիկանություն բերել, բայց նա ասել է, որ ամեն ինչ գրելու է՝ ինչպես եղել է, այլապես կզանգի իր փաստաբանին: Այդ ժամանակ, նրա խոսքերով, ոստիկանները, «փափկել են»:
Գանգի մեջ 2 դանակ խրված հուշանվերը ուղարկվել է փորձաքննության: Եթե փորձաքննությամբ այն սառը զենք համարվի, աղջիկների դեմ քրեական գործ կհարուցվի:
Հ.Գ. Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ը երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրն է:
Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ www.hra.am
