Բջջային օպերատորների անազնիվ խաղերը

2000թ. սկզբին բջջային հեռախոսների ժողովրդականության բարձրացման հետ մեկտեղ աճեց նաև բաժանորդներին տեքստային հաղորդագրությունների տեսքով ուղարկվող անցանկալի կոմերցիոն գովազդների քանակը: Այս հաղորդագրություններն անվանում են բջջային «սփամ», տեքստային «սփամ կամ սփամsms», բայց առավել հաճախ հիշատակում են որպես «m-սփամ»:

Sms «սփամերը», ի տարբերություն էլեկտրոնային փոստի «սփամերի», ավելի նյարդայնացնող են ստացողի համար, որովհետև, ի տարբերություն վերջինի, այս հաղորդագրությունները, որպես կանոն, դժվար կամ անհնար է լինում հեռացնել առանց կարդալու:
Այսօր բջջային օպերատորների ցանցով գովազդային բնույթի մասսայական sms-ներ են ուղարկվում, որոնց ոչ բոլոր բաժանորդներն են լավ վերաբերվում:
Hra.am-ը այս կապակցությամբ լրագրողական հարցում անցկացրեց. 21 հարցվածներից 18-ը դեմ են նման sms-ներ ստանալուն:
«Ինչպե՞ս են գովազդային sms-ները կարգավորվում» և «ինչպե՞ս բաժանորդը կարող է հրաժարվել նման sms-ներ ստանալուց» հարցերի պատսախանները պարզելու համար դիմեցինք ՀՀ 3 օպերատորներին՝ Օրանժ Արմենիային, ՎիվաՍել -ՄՏՍ-ին և Բիլայնին:
Օրանժ Արմենիայի մամուլի և հասարակայնության կապերի բաժնի պետ Լիլիթ Մարտիրոսյանն ասաց, որ Օրանժ Արմենիայի ցանցով գովազդային բնույթի sms-ներ չեն ուղարկվում:
«Մեզ մոտից մասսայական sms-ներ կատարվում են միայն մեր ծառայությունների վերաբերյալ, եթե ինչ-որ փոփոխություններ են եղել, և դրանք հետաքրքիր են բաժանորդին: Դա բաժանորդի համար օգտակար տեղեկատվություն է: Ինչպես նաև կարևորագույն պետական և եկեղեցական տոներին շնորհավորանքներ»,- ասաց նա:
Նա հեռանկարում Օրանժ Արմենիայի ցանցով «sms սփամերի» տարածում չի տեսնում, որովհետև նրա խոսքերով, դա հակասում է իրենց ընկերության քաղաքականությանը:
«Նման առաջարկներ եղել են, սակայն մեր ընկերության նպատակն է երբեք չանհանգստացնել բաժանորդներին ավելորդ sms-ներով»,- ասաց նա:
Բիլայնի հասարակայնության կապերի բաժնի պետ Անուշ Բեգլոյանը 3 դեպք է նշում, որոնց ժամանակ բաժանորդը կարող է գովազդային բնույթի sms-ներ ստանալ:
«1. Եթե անձն իր հեռախոսահամարը թողնում է ինչ-որ խանութում, դրանով նա համաձայնություն է հայտնում, որպեսզի խանութը իրեն ուղարկի գովազդային sms-ներ՝ զեղչերի, տարբեր ակցիաների և այլնի վերաբերյալ: 2. Եթե անձը հեռուստատեսությամբ գովազդով տեսել է հավելյալ ծառայություններ մատուցող ընկերություն և նրան ուղարկել է sms ինչ-որ կարճ համարին: Երբ նա կարճ համարին sms է ուղարկում, իրավաբանորեն համաձայնություն է տալիս ընդգրկվելու տվյալ ընկերության կողմից կազմակերպած գովազդային արշավին: 3. Այսպես կոչված, ոչ արտոնված կամ խարդախ sms-ներն են, որոնց նպատակն է գումար կորզել բաժանորդի հեռախոսային հաշվից»:
Նա չարտոնված sms-ներ ստանալու դեպքում բաժանորդներին խորհուրդ է տալիս դիմել սպառողների շահերի պաշտպանության կազմակերպություններ:
ՎիվաՍել - ՄՏՍ-ի ԶԼՄ գծով համակարգող Անուշ Ապրեսյանը hra.am-ին հայտնեց, որ «շարժական կապի ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանների 5.2.2 կետի համաձայն՝ օրենքով կամ օպերատորի կողմից սահմանված կանոններով բաժանորդն իրավունք ունի հրաժարվել բջջային ցանցի միջոցով գովազդային հաղորդագրություն ստանալու հնարավորությունից: Չհրաժարվելու դեպքում համարվում է, որ բաժանորդը տվել է իր համաձայնությունը նման հաղորդագրություններ ստանալու վերաբերյալ»:
«Ներկայում գովազդային կարճ հաղորդագրություններն ուղարկվում են ոչ թե անմիջապես մեր ընկերության կողմից, այլ Content Provider-ների միջոցով: Բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել ծառայությունից`հատուկ կարճ հաղորդագրություն և/կամ այլ ձայնային կամ էլեկտրոնային հրահանգ ուղարկելով` Content Provider-ի կողմից սահմանված եղանակով»,- ասաց նա:
Շատ երկրներում «sms սփամերն» անօրինական են և համարվում են ոտնձգություն շարժական գույքի նկատմամբ: Ավստրալիայում, Եվրամիության անդամ և այլ երկներում օրենքներ կան «sms սփամերի» կարգավորման և տուգանքների վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունում այս տեսակ հաղորդագրությունները կարգավորելու օրենքով սահմանված մեխանիզմներ դեռևս չկան:

P.S. Նոյեմբերի 18 Օրանժի բաժանորդներին Բիլայնի ցանցից գովազդ էր ուղարկվել վերջինիս «Hi Line» ինտերնետի մասին: Բիլայնի հասարակայնության կապերի բաժնի պետ Անուշ Բեգլոյանին խնդրեցինք մեկնաբանել այս փաստը:
«Իսկ դուք տեղյա՞կ եք, որ նմանատիպ sms-ներ մեր բաժանորդներին նաև Օրանժն է ուղարկում»,- ասաց նա և շարունակեց,- դա կարգավորվում է օպերատորների միջև պայմանագրերով և փոխհամաձայնություններով»:
Մեր այն հարցին, թե տվյալ դեպքում փոխհամաձայնություն կա՞ր Օրանժի հետ, Անուշ Բեգլոյանը պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ դա կոմերցիոն գաղտնիք է:
Օրանժ Արմենիայի մամուլի և հասարակայնության կապերի բաժնի պետ Լիլիթ Մարտիրոսյանը մեզ տեղեկացրեց, որ Բիլայնի կողմից Օրանժի բաժանորդներին ուղարկված գովազդային բնույթի sms-ները «միասին կնքված փոխկապակցման պայմանագրի խախտում է, որովհետև օպերատորների միջև փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել, որով մեկը մյուսի բաժանորդներին գովազդային բնույթի տեղեկություններ չեն կարող ուղարկել, եթե դրա մասին առանձին համաձայնություն ձեռք չի բերվել, ինչն այս դեպքում ձեռք չի բերվել»:
«Ընկերությունը օրենքի սահմաններում համապատասխան միջոցներ կձեռնարկի»,- հավելեց նա:
Լիլիթ Մարտիրոսյանի հայտնած տեղեկատվությունը մեկնաբանելու համար կրկին կապվեցինք Անուշ Բեգլոյանի հետ:
«Այս ծանուցումը սխալ է գնացել, դա մեր բաժանորդների համար ծանուցում էր: Ասեմ, որ ներկայում Օրանժը մեր բոլոր sms-ները Բիլայնի ցանցից փակել է, ինչը նույնպես իրավունք չունի անելու: Մենք կապվել ենք Օրանժի իրավաբանների հետ և հայտնել ենք, որ սխալ է տեղի ունեցել: Հիմա տեսնենք՝ ինչ կլինի: Հիմա բանակցում ենք»,- ասաց նա:

P.P.S. Մոտ երկու շաբաթ առաջ մեր գործընկերներից մեկին, որը ՎիվաՍել-ի բաժանորդ է, Բիլայնից զանգահարել առաջարկել էին անվճար տրամադրել նույն համարը Բիլայնի ցանցում: Բիլայնը երևի այս քայլը գովազդային չի համարել կամ էլ դարձյալ սխալվել է՝ այդ գովազդը իր բաժանորդների համար նախատեսելով, բայց այլ օպերատորի բաժանորնդերին ուղարկելով:

Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ hra.am