Կողմերի ներկայացուցիչները ծանոթ չէին մանկապիղծ ուսուցչի գործին

ՀՀ վարչական դատարանում նոյեմբերի 22-ին քննվեց թիվ 11 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի հայցն ընդդեմ կրթության և գիտության նախարարի։ Մանրամասն տե՛ս այստեղ։

Դատական նիստից հետո կողմերը պատասխանեցին լրագրողների հարցերին։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Մելս Մանուկյանը պնդում է, որ ԿԳ նախարարի հրամանը արձակվել է առանց օրենսդրական հիմքերի։ «Տնօրենը աշխատել է մոտ 15 տարի անբասիր, նախկին նախարարի հրամանով պարգևատրվել է ոսկե մեդալով, ու այսօր, փաստորեն, ոչնչի դեմ կանգ չառնելով, պարոն Աշոտյանը հեռացրել է աշխատանքից»,- ասում է փաստաբանը՝ ավելացնելով, որ մինչ աշխատանքից ազատելը, նախարարը պետք է ստուգեր՝ արդյո՞ք ԿԳՆ հատուկ կրթության վարչության պետի զեկուցագրում ներկայացվածը համապատասխանում է իրականությանը։

Տարիներ շարունակ մանկապիղծ ուսուցիչ պահելու համար աշխատանքից հեռացված Ենգիբարյանի փաստաբանը ծանոթ չէ մանկապիղծ ուսուցչի քրեական գործի մանրամասներին և կարծում է, որ իր պաշտպանյալը Լևոն Սարգսյանի գործի հետ որևէ առնչություն չունի։

Դատական նիստին ներկա էր նաև ԱԺ պատգամավոր, մանկավարժ Անահիտ Բախշյանը, ով նույնպես պատասխանեց լրագրողների հարցերին։ Նրա խոսքերով՝ կրթության նախարարի հրամանը լիովին ընդունելի է, բայց ցավալի է, որ պատասխանող կողմի ներկայացուցիչը հավուր պատշաճի չպաշտպանեց նախարարի հրամանը: «Եվ մի տեսակ տպավորություն էլ թողեց հնարավոր հետդարձի, կարծես թե: Դա անթույլատրելի է, դա կրթության նախարարության շահերից չի բխում»,- ասաց Ա.Բախշյանը։

Պատգամավորը, ով նախկինում ղեկավարել է հանրակրթական դպրոց, բացառում է տնօրենի անտեղյակ լինելը դպրոցում կատարվող դեպքերին. «Տնօրենը պարտավոր է կանխել նմանատիպ դեպքերը և պատժել, համապատասխան միջոցներ ձեռնարկել օրենքների շրջանակներում, վերաբերմունք ցույց տալ որպես տնօրեն: Եթե դա չի արվել տարիներ շարունակ և այդ երևույթները կրկնվել են, ուրեմն մնում է մտածել, որ մասնակից է»:

Ա.Բախշյանը անընդունելի է համարում նաև, որ մանկապիղծ ուսուցչի դատի ժամանակ տնօրենի մասին հրապարակված փաստերը անտեսվեցին, որից այսօր օգտվում է Ենգիբարյանի փաստաբանը։ Նա լրագրողներին կոչ արեց հետևողական լինել, որպեսզի տնօրենի հետդարձ չլինի։

ԿԳՆ ներկայացուցիչ Լիլիթ Վարդանյանը նույնպես ծանոթ չէր մանկապիղծ ուսուցչի քրեական գործին և ակնկալում էր, որ հայցվոր կողմը կներկայացնի նրա նկատմամբ դատարանի կայացրած վճռի վերաբերյալ տեղեկատվությունը։ Նա դատարանին չէր ներկայացրել կարևոր մի պապացույց՝ ԿԳՆ հատուկ կրթության վարչության պետի 31.05.2010թ զեկուցագիրը, որը տնօրենին աշխատանքից ազատելու հիմքերից մեկն է։

Լ.Վարդանյանը լրագրողներին ասաց, որ նախարարի հրամանը պնդելու են մինչև վերջ։

Դատական նիստի մասնակից, հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, ով թիվ 11 դպրոցում մանկապղծության աղմկալի դեպքերի բացահայտողներից ու բարձրաձայնողներից մեկն էր, համագործակցության առաջարկ որեց ԿԳՆ ներկայացուցչին։ Նա ասաց, որ իր ձեռքի տակ ունի շատ փաստեր և վկայություններ, որոնք կարող են ավելի ուժեղ դարձնել պատասխանող կողմին։ Սակայն ԿԳՆ իրավաբանին այնքան էլ չոգևորեց առաջարկը։ Նա ասաց, որ այդ գործը առնչություն չունի նախարարի հրամանի հետ, և ինքը չի կարող հայցի առարկայից շեղվել:

«Ինչո՞ւ չեն փորձում համագործակցել: Ի՞նչ ա, հատուկ ա արված, որ սցենարն էսպես գնա, ու վերականգնվի, ու էդ մանկապիղծ տնօրենը հետ գա ու շարունակի երեխաների ճակատագրերը պղծել։ Դա ահավոր կլինի»,- լրագրողներին վրդովված ասաց Մարիամ Սուխուդյանը:
Մարիամի խոսքերով՝ ցուցմունքներից էլ է երևում, որ տնօրենը տեղյակ է եղել Լևոն Ավագյանի կողմից մանկապղծության դեպքերին։ Դպրոցի երեխաները բազմիցս դիմել են իրենց տնօրենին, սակայն ոչինչ չի ձեռնարկվել։ «Այո՛, Ենգիբարյանն իմացել է այդ մասին։ Եվ ոչ միայն դա, նրա հետ կապված էնքա՜ն բաներ կան գրած՝ ծեծերը, բռնության է ենթարկել աշակերտներին։ Ցուցմունքներ կան, վկայություններ կան...»,- նշում է Մ.Սուխուդյանը՝ ավելացնելով, որ ինքը դիմել է ԿԳ նախարարին, սակայն, ի զարմանս իրեն, ոչ մի արձագանք չի ստացել։

Մարիամը նաև ասաց, որ ինքը հավաստի աղբյուրներից լսել է, որ Ենգիբարյանին վերականգնելու են հատուկ դպրոցի տնօրենի պաշտոնում և մտավախություն ունի, որ նա կվերադառնա և կշարունակի «պղծել երեխաների ճակատագրերը», ուստի կոչ է անում հասարակական ակտիվիստներին պայքարել, որպեսզի դա տեղի չունենա։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am