ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ղարաբաղի բանակում տեղի ունեցած միջադեպի համար մեղադրվում է վիրավորված զինծառայողը
Անցած շաբաթավերջին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում տեղի ունեցած միջադեպիհամար մեղադրվում է նույն միջադեպի ժամանակ վիրավորված զինծառայող Մանվել Հազրոյանը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, Հազրոյանին երեքշաբթի օրը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով` երկու և ավելի անձանց սպանության համար, 34-104 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով` երկու և ավելի մարդկանց սպանության փորձի համար, և 365 հոդվածի առաջին մասով` մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հազրոյանը, ով ներկայումս բուժում է ստանում Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել:
Մանվել Հազրոյանը ազգությամբ հայ է, մականունը` «Եզդի»:
Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում նոյեմբերի 19-ին ժամը 24:00-ի սահմաններում հրազենային կրակահերթերից 4 ժամկետային զինծառայողներ զոհվել են, ևս 4 զինծառայողներ ստացել են հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ:
Աղբյուր՝ http://www.azatutyun.am
