Անչափահասների շրջանում ավելացել են ինքնասպանության և սառը զենք կրելու դեպքերը

ՀՀ Ոստիկանության տվյալներով՝ 2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է անչափահասների կողմից իրականացված հանցագործության 390 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21-ով պակաս է։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների հարցերով բաժնի պետի տեղակալ Նելլի Դուրյանը:

Անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունների մեջ վերջին տարիներին գերակշռում են գողությունները, հատկապես շատ են մանր գողությունները։ Նվազել են խուլիգանության և մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու դեպքերը։ Փոխարենը աճել են ինքնասպանության և սառը զենք կրելու դեպքերը (դանակ, սուր կտրող-ծակող գործիք)։

Նելլի Դուրյանի հրապարակած տվյալներով՝ 2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու 38 դեպք, որից 13-ը՝ մահվան ելքով։ Նախորդ տարի գրանվել էր ինքնասպանության փորձի 23 դեպք։

Ինքնասպանություն կատարող անչափահասների մեջ ավելի շատ են աղջիկները, որոնք տարբեր սոցիալական շերտերից են։ Ըստ Ն.Դուրյանի՝ ինքնասպանությունները հիմնականում կատարվում են ընտանեկան կոնֆլիկտների և սիրո հարցում ունեցած անհաջողությունների պատճառով։

Երեխաների թրաֆիքինգի 2 դեպք է հայտնաբերվել այս տարվա 10 ամիսների ընթացքում։ Նվազել են մուրացկանության դեպքերը։ Եթե նախորդ տարիներին մոտ 300 անչափահաս մուրացկան էր հաշվառված ոստիկանությունում, ապա ընթացիկ տվյալներով նրանց թիվը 40 է։

Անդրադարձ եղավ նաև վերջերս ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնված «Էմո» շարժման անդամների և ենթադրյալ «էմո» անչափահասի ինքնասպանության դեպքին։

Ն.Դուրյանը կոչ արեց լրագրողներին հնարավորինս զերծ մնալ գնահատականներ տալուց, քանի դեռ նախաքննությունը չի ավարտվել։ «Իսկապե՞ս նա «էմո» էր, ո՞վ է դրդել ինքնասպանության, և դրդե՞լ են թե ոչ, քննությունը ցույց կտա»,- ասաց ոստիկանության գնդապետը։

«Էմոները» շատացել են թե ոչ, այս մասին ոստիկանությունը տվյալներ չունի։ Նա հերքեց այն խոսակցությունները, թե ոստիկանությունը դպրոցներ է մտնում «էմոներ» փնտրելու։ Ոստիկանության ներկայացուցիչների այցերը դպրոցներ, ըստ Նելլի Դուրյանի, կրում են մշտական բնույթ և կիրառվում են որպես անչափահասների շրջանում հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։

Ոստիկանության գնդապետը կոչ արեց ծնողներին ուշադիր լինել իրենց երեխաների վարքի վրա հատկապես անցումային բարդ տարիքում։

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am