ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օմբուդսմենը չի հավատում Խալաֆյանի ինքնասպանության վարկածին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` որպես իրավապաշտպան, շարունակում է չհավատալ Վահան Խալաֆյանի ինքնասպանության վարկածին:
2010 թվականի ապրիլին ոստիկանության Չարենցավանի բաժնում 24-ամյա Վահան Խալաֆյանին, պաշտոնական վարկածով, ինքնասպանության հասցնելու գործով մեղադրյալ Աշոտ Հարությունյանը երկուշաբթի օրը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 8 տարվա ազատազրկման:
«Որպես իրավաբան սխալ կլինի դատարանի վճիռը կասկածի տակ դնել, քննադատել և այլն: Այս տեսակետից դատարանի վճիռ կա, և իրավունք կա իրավական տեսակետից այն բողոքարկել վերադաս ատյանին, մինչև Ստրասբուրգի դատարան հասնել: Բայց որպես իրավապաշտպան, օմբուդսմեն` ես չեմ ուզում հավատալ, որ դա ինքնասպանություն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հարությունյանը:
Նա Խալաֆյանի մահվան դեպքից շաբաթներ անց էլ տարակուսանք էր հայտնել ինքնասպանության վարկածի առնչությամբ` ընդգծելով, որ այդ վարկածը հավանական չի համարում: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք չի վստահում այս գործով իրականացված նախաքննության ու դատաքննության օբյեկտիվությանը, մարդու իրավունքների պաշտպանը ասաց. - «Ինձ համար այդքան միանշանակ չէ այդ հարցը»:
Անդրադառնալով Հայաստանի զինված ուժերում խոշտանգումների, սպանությունների ու ինքնասպանությունների մեկը մյուսին հաջորդող դեպքերին` Արմեն Հարությունյանն ասաց, որ դեպքերի թիվը անցյալ տարիների համեմատ չի ավելացել, պարզապես «հասարակության ու լրատվամիջոցների ուշադրությունն է սևեռված բանակի վրա», իսկ «իրավիճակի վատթարացում» նա չի արձանագրում: Օմբուդսմենը միաժամանակ դրական համարեց բանակում տեղի ունեցող բացասական երևույթներին հասարակության ու լրատվամիջոցների ակտիվ արձագանքը:
«Բանակը առանձին, լուսնի վրա գտնվող, հասարակությունից կտրված ինստիտուտ չէ, դա հասարակության մի մասն է: Հասարակությունում գոյություն ունեցող բոլոր դրական և բացասական երևույթները ավելի խտացված այնտեղ արտահայտվում են: Եթե համեմատում ես հարևան երկրների բանակների հետ, ապա մեր բանակում վիճակը շատ ավելի բարվոք է», - ասաց Հարությունյանը` շեշտելով, այդուհանդերձ, որ դա չի կարող արդարացում լինել:
«Ցանկալի կլինի, որ այդ երևույթները չլինեն և ցանկալի կլինի, որ մենք տեսնենք, որ իրոք միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի դրանք նվազեն», - ասաց օմբուդսմենը:
Աղբյուր՝ www.azatutyun.am
