Պատգամավորը պահանջում է չեղյալ հայտարարել ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման մասին օրենքը

Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը խորհրդարանում շրջանառության մեջ է դնելու օրենսդրական մի փաթեթ, որով առաջարկվում է չեղյալ հայտարարել ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման մասին և դրան հարակից խորհրդարանի ընդունած օրենքները: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց նույն ինքը` «Ժառանգություն» խմբակցության անդամը:

Հիշեցնենք, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը Ազգային ժողովը ընդունեց այս տարվա մայիսին: Դրա համաձայն, ՀՀ-ում գրանցված և շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցների սեփականատերերը պետք է մինչև 2011թ. հունվարի 1-ը ձեռք բերեն ԱՊՊԱ պայմանագրեր:

«Բնակչության կողմից այդ գործընթացը գրեթե համատարած չի ընդունվում և չնայած այս լայնամասշտաբ քարոզչական հարձակմանը, այնուամենայնիվ քաղաքացիները նախ` հնարավորություն չունեն ապահովագրվելու ֆինանսական ճգնաժամի պայմաններում, հետո չեն ցանկանում օրենքի մակարդակով մարդկանց հնարավորություն տալ, առանց քրտինք թափելու, բազմամիլիարդ եկամուտներ ունենալ», -հիմնավորեց Մարտիրոսյանը:

Նա կարևորում է իր նախաձեռնությունը, միայն թե խորհրդարանական մեծամասնության կողմից աջակցություն գտնի: Իսկ իր գործընկեր խորհրդարանականների, մասնավորապես մյուս խմբակցությունների անդամների հետ Մարտիրոսյանը չի քննարկել իր օրենսդրական նախաձեռնությունը:

«Մեքենան տրանսպորտային միջոց է և ոչ թե հարստացման: Պետք է հարստանալու իրական աղբյուրների մասին մտածել», -հավելեց ընդդիմադիր խորհրդարանականը` նկատելով, որ սխալ օրենք է ընդունվել և այնպես են անելու, որ չեղյալ հայտարարվի այն:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցությունը ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման վերաբերյալ օրենսդրական փաթեթին դեմ է քվեարկել:

Նշենք, որ նոյեմբերի կեսերի դրությամբ Հայաստանում արդեն ապահովագրվել է ավտոմեքենաների շուրջ 10 տոկոսը, իսկ մինչև տարեվերջ ակնկալվում է, որ 80 տոկոսը ապահովագրված կլինեն. Հայաստանում գրանցված է 450 հազար տրանսպորտային միջոց:

Աղբյուր`http://panorama.am