Ո՞վ է ապատեղեկացման աղբյուրը

Դեկտեմբերի 1-ին Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց և հետաձգվեց ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի՝ հերքման իրավունքի պահանջով քաղաքացիական հայցն ընդդեմ «Կենտրոն» հեռուստաընկերության։

Մհեր Ենոքյանը և նրա փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը դիմել էին համապատասխան մարմիններին՝ դատական նիստին հայցվորի ներկայությունն ապահովելու խնդրանքով, ինչը, սակայն, չէր բավարարվել առանց որևէ պատճառաբանության։

«Դատարանը, կարծում եմ, արդարացիորեն հետաձգեց նիստը, քանի որ հայցվորի ներկայությունը նիստին չէր ապահովվել», նշեց Մհեր Ենոքյանի շահերի պաշտպան Վահագն Մանուկյանը։

Բանն այն է, որ դեռևս օգոստոսի 29-ին նույն հեռուստաընկերության «Հետաքննություն» հաղորդաշարի ժամանակ հրապարակվել էր սխալ տեղեկատվություն, ըստ որի Մհեր Ենոքյանը 1996 թ. սպանել էր համակուրսեցուն, ապա վերջինիս՝ Իոսիֆ Աղաջանովի դին բաժանել 17 մասի։

Սեպտեմբերի 17-ին, օրենքով սահմանված կարգով, Մհեր Ենոքյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացնող նրա փաստաբան Ռոբերտ Ռևազյանը սխալ տեղեկատվությունը հերքելու պահանջով դիմել էին հեռուստաընկերություն։

«ԶԼՄ-ների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, հերքումը պիտի հրապարակվի առավելագույնը մեկամսյա ժամկետում։ Իսկ նույն հոդվածի 2-րդ կետով, անճշտությունը տարածած ԶԼՄ-ն, հերքման պահանջը ստանալուց հետո, մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է տեղեկացնել հերքման եղանակի, օրվա ու ժամի մասին։

«Սահմանված բոլոր ժամկետները լրացան, սակայն «Կենտրոն» հեռուստաընկերությունից մենք որևէ պատասխան չստացանք։ Հերքումն էլ հաղորդման շրջնակներում տեղ չգտավ։ Դա էր պատճառը, որ արդեն նոյեմբեր ամսին Մհեր Ենոքյանը դիմեց դատարան՝ հերքման իրավունքի պահանջով», մեզ հետ զրույցում նշեց փաստաբան Ռևազյանը։

Սակայն մինչ դատավարությունը՝ ընդամենը երեք օր առաջ՝ նոյեմբերի 28-ին «Հետաքննություն» հաղորդաշարի շրջանակներում տեղ գտավ օգոստոսի 29-ին եթեր հեռարձակված անճշտության հերքումն առ այն, որ Մհեր Ենոքյանը համակուրսեցու դին չի բաժանել 17 մասի։ Մեջբերվեց հատված 1996 թ. ՀՀ Գերագույն դատարանի կողմից կայացված դատավճռից, ըստ որի Ենոքյանի պահանջով իր հանցակից Արամ Հարությունյանն է դանակով հարվածել Իոսիֆ Աղաջանովի պարանոցին։

Նշենք, որ նույն դատավճռով Մհեր Ենոքյանը, ով այդ ժամանակ սովորում էր Երևանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետի 3-րդ կուրսում, դատապարտվեց մահապատժի, որը 2003-ին ՀՀ նախագահի հրամանագրով փոխարինվեց ցմահ ազատազրկման, իսկ Արամ Հարությունյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Նշենք, որ Մհեր Ենոքյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել։

«Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչը դատարան ներկայացրեց նամակ-միջնորդություն, որով ՀԸ-ը խնդրում է կարճել հայցը՝ պատճառաբանելով, որ նոյեմբերի 28-ին «Հետաքննություն» հաղորդման շրջանակներում պատրաստվում են եթեր հեռարձակել հերքման տեքստը։ Ի դեպ, ՀԸ ներկայացուցչի խոսքով, նամակը դատարան է ուղարկվել դեռևս նոյեմբերի 27-ին՝ դատարանի կողմից ծանուցագիր ստանալուց հետո։

Սակայն դատարանը, հայտնելով իր դիրքորոշումը, նշեց, որ առանց հայցվորի կարծիքն իմանալու, սխալ կլինի որևէ որոշում կայացնել։

Մհեր Ենոքյանի ծնողները մեզ հետ զրույցում փոխանցեցին որդու դիրքորոշումը, որ նրա բողոքը մեծ իմաստով լրագրողների դեմ չէ ուղղված, այլ այն աղբյուրի, որը փորձում է լրագրողների ձեռքով շագանակներ հանել կրակից։

«Թե ո՞րն է նման ապատեղեկատվություն տարածելու շարժառիթը, մեզ համար անհայտ է», նշեց Մհեր Ենոքյանի մայրը՝ 35 տարվա մանկաբույժ Վարդուհի Օհանյանը։

«Այս անգամ դատը կարճ տևեց, և մենք չկարողացանք ներկայացնել մեր երկրորդ պահանջը, անդրադառնալ ևս մեկ կարևորագույն սխալմունքի, որ տեղի է ունեցել 2006 թ-ին»,- շեշտեց Վահագն Մանուկյանը։

Նշենք, որ խոսքը 2006-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում կատարված Մհեր Ենոքյանի «մայր» գործի վերանայման մասին է, ըստ որի նոր քրեական օրենսգրքի հետ համապատասխանեցվել են որոշակի հոդվածներ: Ըստ այդմ, Մհեր Ենոքյանին վերագրվել է երկու և ավելի անձանց սպանություն կատարելու մեղադրանք, նաև ավազակային հարձակում։

«Նման արարքներում ես ընդհանրապես չեմ մեղադրվել, և ընդհանրապես նոր եմ տեղեկանում, որ ինչ-որ տեղ երբևէ վերանայվել են քրեական գործեր». այս մասին Ենոքյանը նշել էր դեռևս օգոստոսի 31-ին ՔԿՀ-ից փախուստի դիմելու գործով Վերաքննիչ բողոքի քննության ժամանակ։

ԶԱՐՈՒՀԻ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Հ.Գ. Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկման դատապարտված և ավելի քան 15 տարի անազատության մեջ գտնվող Մհեր ԵնոքյանՆ իր խցակից ընկերոջ՝ Իրանի քաղաքացու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի հետ Քրեակատարողական հիմնարկներից երկու անգամ դիմել է փախուստի՝ 2004 և 2009 թվականներին։ Նրանց՝ ազատության մեջ անցկացրած 11 և 21 օրերի ընթացքում ոչ մի քաղաքացի չի տուժել։ Երկու անգամ էլ նրանք հայտնաբերվել և դատապարտնել են համապատասխանաբար 7 և 7.5 տարվա ազատազրկման՝ վերջնական պատիժ թողնելով ցմահ ազատազրկումը։

Աղբյուր՝ http://lragir.am