ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովն ու հանրային ցանցը կհամագործակցեն

Դեկտեմբերի 2-ին խորհրդարանում ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միավորում հանդիսացող Հանրային ցանցի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Փաստաթուղթը ստորագրությամբ վավերացրին օրենսդիր մարմնի անունից ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը և Հանրային ցանցի անունից` ցանցի քարտուղար Թամարա Աբրահամյանը: Հուշագրով կողմերը ամրագրում են համագործակցության իրենց պատրաստակամությունը, մասնավորապես նախատեսվում է, որ ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներին առնչվող օրենքների նախագծերը տրամադրվում են ՙՀանրային ցանցի՚ համապատասխան ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպություններին` սահմանված ժամկետներում փորձագիտական, խորհրդատվական և հանրային շահերից բխող առաջարկությունների և կարծիքների ստացման նպատակով:
Ստորագրված փաստաթղթով նախատեսվում է Հանրային ցանցի կազմակերպությունների մասնակցությունը մշտական հանձնաժողովների նիստերին և կազմակերպած խորհրդարանական լսումներին, ինչպես նաև պատգամավորների մասնակցությունը ՀԿ-ների նախաձեռնած ֆորումներին, քննարկումներին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Աղբյուր՝http://lragir.am
