ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ե՞րբ կունենանք մատչելի միջավայր բոլորի համար (video)

Դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամների միջազգային օրվա առիթով Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության դաշինքը կազմակերպել էին ակցիա։ Մի խումբ ուսանողներ, քաղաքական գործիչներ և երգարվեստի ներկայացուցիչներ Աբովյան պուրակից հաշմանդամի սայլակներին նստած կամ սայլակներ վարելով իջան դեպի Համահայկական երիտասարդական կենտրոն։ Ակցիայի նպատակն էր ցույց տալ մարդկանց, թե որքան դժվար է սայլակներով տեղաշարժվել Երևանի փողոցներով։
Ակցիային մասնակցող երգչուհիներ Ալլա Լևոնյանը, Սոֆի Մխեյանը, Աննա Խաչատրյանը և Ռուզան Ավետիքյանը թեև չնստեցին սայլակներին, սակայն օգնեցին սայլակներին նստած մարդկանց տեղաշարժվել։
Առաջին մարդկանցից մեկը, ով նստեց սայլակին և ազդարարեց ակցիայի սկիզբը, Համահայկական հիմնադրամի նախագահ և ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն էր։ Նա խոստովանեց, որ նույնիսկ իր պես «առողջ մարդու համար» շատ դժվար է սայլակ վարելը։ Սակայն նշենք, որ էթիկայի նորմերին հակասում է հաշմանդամ և ոչ հաշմանդամ մարդկանց մասին խոսելիս օգտագործել «առողջ» և «ոչ առողջ» որակումները։
Ակցիայի ավարտին մասնակիցներին միացավ նաև Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով խոստացավ, որ ինքը անձամբ կկարգադրի, որ Երևանում կառուցվող ոչ մի շենք-շինության կամ այլ կառույցների նախագծերը չհաստատվեն, քանի դեռ հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։
Համահայկական երիտասարդական հիմնադրամը, քաղաքապետարանի աջակցությամբ, նոր, ավելի հարմարավետ սայլակներ նվիրեց 10 հոգու։
Ակցիայի ավարտին հյուրերը գնացին մասնակցելու հյուրասիրությանը, իսկ համահայկական երիտասարդական կենտրոնի շենքը անմատչելի մնաց սայլակներով եկած մարդկանց համար։ Նրանք մնացին դրսում։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
