ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԿԽՄԿ-ն Երևանում կազմակերպում է անհայտ կորածների ընտանիքներին աջակցելուն ուղղված սեմինար
Այսօր Երևանում մեկնարկում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կազմակերպած հնգօրյա սեմինարը, որի նպատակն է հստակեցնել անհայտ կորածների ընտանիքների հոգեբանական, սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրները և կիսել դրանց լուծելուն ուղղված փորձը։ Սեմինարին մասնակցում են անհայտ կորածների ընտանիքների անդամները, հասարակական կազմակերպությունների հոգեբաններն ու իրավաբանները, Անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների միության, Իրավապաշտպանի գրասենյակի, ինչպես նաև ԿԽՄԿ-ի և Հայկական կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները։
Այս մասին հայտնում են ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:
«Հարազատի ճակատագրի մասին անորոշությունը դաժան իրողություն է բազում ընտանիքների համար զինված հակամարտության կամ ներքին բռնության իրավիճակներում։ Աշխարհի բոլոր ծայրերում մարդիկ հուսահատությամբ որոնում են իրենց կորած ծնողներին, քույրերին ու եղբայրներին, կանանց, ամուսիններին և երեխաներին։ Ընտանիքները և համայնքները, անտեղյակ լինելով իրենց ազգակցի ողջ կամ մահացած լինելու մասին, ի վիճակի չեն թերթելու իրենց կյանքի այդ ահավոր էջը և շարունակելու ապրել» - ասում է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության պաշտպանության պատվիրակ Մելանի Վոնրոսպախը։
«Սեմինարը հիանալի հնարավորություն է ստեղծում մեզ համար՝ հասկանալու անհայտ կորածների հիմնահարցի բազմաշերտ բնույթը: Ես վստահ եմ, որ սեմինարի արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը մենք կօգտագործենք անհայտ կորածների ընտանիքների հետ տարվող մեր հետագա աշխատանքում», - ասում է Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամի գործադիր տնօրենը է Արմինե Գմյուր-Կարապետյանը:
ԿԽՄԿ-ն երկար ժամանակ է ինչ սատարում է Հայաստանի իշխանություններին անհայտ կորածների ընտանիքների կարիքները հոգալուն ուղղված ջանքերում։ Ներկայումս կազմակերպությունն աշխատում է ազգային փորձագետների խմբի հետ, որը մշակում է անհայտ կորածների և նրանց ընտանիքների իրավունքները պաշտպանող օրինքի նախագիծը:
Աղբյուր`www.panorama.am
