Դեռ սպասում են աշխատավարձի

Դեռ պարզ չէ, թե «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երբ կստանան իրենց երկու ամսվա աշխատավարձը:

Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապի վարչության պետ Անուշ Հարությունյանը,խնդիրները կապված են «ԵՎՐԱԶԵՍ» բանկի հետ, եւ վարկի տրամադրումից հետո կվճարվի նաեւ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամսվա աշխատավարձերը:

Սակայն գործարանի աշխատակիցները, այնքան էլ լավատես չեն եւ կարծում են, որ իրենց ուղղակի սուտ խոստումներ են տվել:
«Խոսակցություններ են գնում, որ մինչեւ դեկտեմբերի 15-ը մեր աշխատավարձերը պետք է վճարվեն: Եթե այդպես չեղավ, այս դեպքում ամբողջ գործարանը մի մարդու նման նորից հավաքվելու է նախագահի նստավայրի առջեւ»,- «Ա1+»-ին ասաց գործարանի աշխատակիցներից մեկը:

Հիշեցնենք, նոյեմբերի 18-ին նաիրիտցիները ստացան իրենց մեկ ամսվա աշխատավարձը: Աշխատավարձը տրվեց Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո: Աշխատողները մի քանի անգամ գործարանի դիմաց բողոքի ակցիա անելուց հետո, իրենց ձայնը բարձրացրել էին նաեւ նախագահի նստավայրի առջեւ:

Հիշեցնենք, արդեն 10 ամիս է գործարանը արտադրանք չի տալիս:

Աղբյուր' www.a1plus.am