ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սեմինար` «Վարչարարությունը, վարչական վարույթը և վարչական դատավարությունը Հայաստանում» թեմայով
Դեկտեմբերի 8-ին, «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար Խորհրդատվություն» ծրագիրը գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության /GTZ/ երևանյան գրասենյակում կանցկացվի սեմինար' «Վարչարարությունը, վարչական վարույթը և վարչական դատավարությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:
Այս մասին տեղեկացրեց GTZ «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու Հրայր Թովմասյանը:
«Սեմինարը նախատեսված է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Թեման ընտրելիս հաշվի ենք առնում վերջինիս արդիականությունն ու կարևորությունը: Փորձում ենք ընտրել այնպիսի թեմաներ, որոնց հետ լրագրողները պարբերաբար առնչվում են և, որոնք լուսաբանելիս ունենում են պարզաբանման կարիք ունեցող հարցեր:
«ՀՀ սահմանադրական արդարադատության համակարգը» թեմայով առաջին սեմինարից հետո շատ արձագանքներ ստացանք և որոշեցինք այս տարի կազմակերպել նաև 2-րդ սեմինարը»,- նշեց Հրայր Թովմասյանը:
Հրայր Թովմասյանը նաև տեղեկացրեց, որ սեմինարները լինելու են շարունակական, հետագա թեմաներն ընտրվելու են լրագրողների հետ համատեղ:
«Եվրոպական շատ երկրների բուհերի լրագրության ֆակուլտետում կա իրավաբանական լրագրության բաժին: Մեզ մոտ դա առայժմ բացակայում է, և այդ բացը մենք փորձում ենք լրացնել նման սեմինարների միջոցով: Սեմինարները ինքնանպատակ չեն լինելու, քանի որ ընթացքում հայտարարվելու է նաև մրցույթ նախապես անցկացված սեմինարների թեմաներով լավագույն հրապարակումների համար»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Նշենք ,որ «Վարչարարությունը, վարչական վարույթը և վարչական դատավարությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով սեմինարն անցկացնելու են Հրայր Թովմասյանն ու իրավախորհրդատու Գրիգոր Մուրադյանը:
Աղբյուր` www.panorama.am
