Իրավական թեմայով սեմինար լրագրողների համար

Դեկտեմբերի 8-ին «Գերմանական տեխնիկական համագործակցություն» ընկերության (GTZ) երևանյան գրասենյակը լրագրողների համար կազմակերպել էր «Վարչարարությունը, վարչական վարույթը և վարչական դատավարությունը Հայաստանում» թեմայով սեմինար։

«Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի խորհրդականներ Հրայր Թովմասյանը և Գրիգոր Մուրադյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեցին 2004թ.-ին ընդունված և 2005թ.-ից ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի կարևոր դրույթները, վարչարարության հիմնական սկզբունքները և վարչական դատավարությունը։

Հրայր Թովմասյանի խոսքերով՝ հետխորհրդային տարիներին վարչարարական քաշքշուկը հասնում էր զավեշտի  աստիճանի, երբ պետական պաշտոնյան կարող էր քաղաքացուն ասել՝ «տեղեկանք բեր, որ քեզ տեղեկանք է պետք»։ Նոր օրենքը, ըստ Թովմասյանի, մասնավոր անձ և գործադիր իշխանություն իրավահարաբերություններում ավելի շատ հենված է մարդու վրա և «զսպաշապիկ» է վարչական մարմինների համար։

Սեմինարը վարողների խոսքերով՝ այս օրենքը շատ ավելի առաջ է անցել, քան մեր իրականությունն է։ Նրանք նաև համոզված են, որ փոփոխությունները միանգամից չեն լինում, և ժամանակ է պետք մեր իրականությունը օրենքի դրույթներին համապատասխանեցնելու համար։

«Գերմանական տեխնիկական համագործակցություն» ընկերության երևանյան գրասենյակը եկող տարում նույնպես նախատեսում  է սեմինարների շարք լրագրողների համար և մրցանակաբաշխություն իրավական թեմայով լավագույն հրապարակումների համար։

Դատելով լրագրողների արձագանքից, կարելի է ենթադրել, որ նման սեմինարները կարևոր և անհրաժեշտ են լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Սեմինարի մասնակիցները ակտիվ էին, հարցեր էին տալիս իրենց պրակտիկայում հանդիպած դեպքերի վերաբերյալ և այդպիսով փորձում պարզել, թե օրենքը որքանով է արտացոլում և համապատասխանում իրականությանը։

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am